Կանանց տոնի առթիվ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհավորեց մարզի կրթության, առողջապահության ոլորտների եւ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի բոլոր ստորաբաժանումների կանանց:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, երկարամյա անբասիր եւ հայրենանվեր աշխատանքի համար Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետի շնորհակալագիր հանձնեց Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Հակոբյանին, Վարդենսի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Սոֆյա Խլոյանին, Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Թամարա Սողոյանին, Սեւանի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Հովհաննիսյանին, Ճամբարակի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Կարինե Գրիգորյանին, Վարդենիսի պոլիկլինիկայի տնօրեն Աշխեն Խլոյանին, Սեւանի պոլիկլինիկայի տնօրեն Հասմիկ Ղազարյանին, Մարտունո ւ պոլիկլինիկայի մանկական բաժանմունքի համակարգող Լենա Հովհաննիսյանին, Ճամբարակի առողջության կենտրոնի մանկաբույժ Արմենուհի Սարիբեկյանին, Սարուխանի ամբուլատորիայի տնօրեն Մելանյա Գեւորգյանին:
«Հայ կինն ի վերուստ եղել է իր ընտանիքի պաշտպանը: Նա հայ տղամարդու հետ հավասար կիսել է իր ազգի ու ընտանիքի առջեւ ծառացած շատ ու շատ դժվարություններ եւ կարողացել հաղթահարել դրանք: Մեր մայրերի ու քույրերի շնորհիվ են հայ ընտանիքներն ամուր ու անսասան, եւ ես համոզված եմ, որ այդ ավանդույթը շարունակական կլինի»,- իր շնորհավորական խոսքում նշեց մարզի ղեկավարը:
Պարգեւատրված կանայք ուշադրության արժանացնելու համար շնորհակալություն հայտնեցին մարզի ղեկավարությանը՝ մաղթելով մեր երկրին խաղաղություն, հայրենի սահմաններին՝ ամրություն, իսկ մանկավարժին, բուժաշխատողին, պետական ծառայողին եւ այլ ոլորտների աշխատողներին՝ պատվաբեր գործունեություն:
Խոսրով Խլղաթյան