Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Զահիդ Օրուջը հայտարարել է, թե անհրաժեշտ է օրենքով արգելել, որ ադրբեջանցի երիտասարդները կրոնական կրթություն ստանան արտասահմանում, ինչի հետ կապված, նա խորհրդարանին առաջարկել է փոփոխություն կատարել «Դավանանքի ազատության մասին» օրենքում:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Զ.Օրուջը հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի լիագումար նիստում:

 

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները մի քանի օր առաջ վնասազերծել են կրոնական արմատական խմբնավորման անդամներին:

 

«Խմբավորման 6 անդամներ ծրագրել էին պետական հեղաշրջում իրագործել եւ շարիաթական պետություն ստեղծել: Իմ առաջարկության հիմքում հենց այդ պահն է, քանի որ ձերբակալվածների մեջ կան արտասահմանում կրոնական կրթություն ստացած անձինք եւս», - ասել է պատգամավորը:

 

Ադրբեջանական moderator.az լրատվական կայքը' հղում մկատարելով Ադրբեջանի կառավարության 2014 թվականի գործունեության հաշվետվությանը' այդ առնչությամբ հայտնում է, որ վերջին մի քանի ամիսներին Ադրբեջանում 500 մարդ իրավական պատասխանատվության է ենթարկվել անօրինական կրոնական քարոզչություն կատարելու համար: Ինչպես նշվում է նյութում, ապօրինի կրոնական գործունեությամբ զբաղվող անձանցից առգրավվել է արգելված 2858 անուն գիրք, 553 գրքույկ, 710 տեսանյութ, 205 միավոր հրազեն, 135 գ թմրանյութ: