Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից «Դատապարտյալների հիվանդանոց» են տեղափոխել, վերջինս որովայնի հատվածում սուր ծակոցներ է զգացել:

 

«Սուր վիրաբուժական ախտահարում չի հայտնաբերվել, ստացիոնար բուժման կարիք չունի, այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- Լուրեր.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

 

Հիշեցնենք, որ նախկին պատգամավորի նկատմամբ քրեական գործ են հարուցել Ֆինանսների նախարարության հարկային ծառայության քննչական մարմինները:

 

Նշենք նաև, որ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրել էին, որ Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը ձերբակալվել է 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով' ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով: