Հայաստանի ընդդիմադիր դաշտում այս պահին վակուում է, որը վաղ թե ուշ լրացվելու է այն քաղաքական ուժի կողմից, որն ավելի ճարպիկ կգտնվի:

 

Մարտի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը: «Երկրի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած վերջին զարգացումներից հետո ընդդիմադիր դաշտում վակուում է առաջացել: Այդ տեղը բաց է մնացել և վաղ թե ուշ լրացվելու է այն քաղաքական ուժի կողմից, որն ավելի ճարպիկ կգտնվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սաֆարյանը:

 

Անդրադառնալով մարտի 1-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին՝ Ստեփան Սաֆարյանն ընդգծեց, որ այդ ելույթից պարզ է դառնում, որ Տեր-Պետրոսյանն ունի մեկ խնդիր՝ 2017թ. խորհդարանական ընտրություններին ընդառաջ մնալ քաղաքական հարթակում: «Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լավ հասկանում է, որ այլևս որևէ բանից կառչելու տեղ չունի: Նա փորձեց ԲՀԿ-ի հետ համագործակցության եղանակով իր շուրջը համախմբել հասարակությանը, սակայն դա էլ չստացվեց, ու հիմա ինքն էլ հասկանում է, որ այլ տեղից կառչելու բան չունի: Բացի այդ՝ իր ելույթում Տեր-Պետրոսյանը ցանկանում էր նաև ցույց տալ, որ հավատարիմ է Ռուսաստանին: Նա ցանկանում էր ասել, որ եթե ինքը հեռանա, ասպարեզ են գալու ուժեր, որոնք պահանջելու են Պուտինի հրաժարականը»,- ընդգծեց քաղաքագետը:

 

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի կարծիքով էլ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում քաղաքագիտական լուրջ բացթողում կար: «Հայաստանն անկախ պետություն է, և ես այն կարծիքին եմ, որ այս դեպքում Պուտինի հրաժարականը պահանջող քաղաքական գործիչները չպետք է այդքան ուշադրության արժանանան, իսկ Տեր-Պետրոսյանն իր ելույթի մի հատվածը նվիրում է նման գործիչներին՝ զերծ մնալով քաղաքագիտական ավելի լուրջ վերլուծություններից»,- նշեց Սեդրակյանը:

 

Անուշ Սեդրակյանն անդրադարձավ նաև եռյակի փլուզմանը՝ ընդգծելով, որ երբ քաղաքական որևէ ալյանս է ձևավորվում առանց հստակ ռազմավարության, ապա այն դատապարտված է ձախողման: Սեդրակյանը հիշեցրեց, որ եռյակի անդամ քաղաքական ուժերից մեկը կողմնակից էր Հայաստանի եվրաասոցացմանը, իսկ մյուս երկու ուժերի համար գերակա էր արտաքին քաղաքականության ռուսական վեկտորը: Նա համոզմունք հայտնեց, որ հենց միասնական օրակարգի բացակայությունը հանգեցրեց եռյակի փլուզմանը: