Ռուսաստանը և Աբխազիան հուշագիր են ստորագրել արտաքին քաղաքականության կոորդինացման մասին: «Համակարգված արտաքին քաղաքականության իրականացման մեխանիզմի մասին» հուշագիրը Մոսկվայում ստորագրել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և նրա աբխազ պաշտոնակից Վյաչեսլավ Չիրիկբան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

 

«Ռուսաստանն ամեն տեսակի օգնություն կցուցաբերի Աբխազիայի արտաքին քաղաքական դիրքերն ամրապնդելու համար»,-հուշագիրն ստորագրելուց հետո հայտարարել է Լավրովը:

 

 

ՌԴ ԱԳ նախարարը հայտնել է, որ մարտի վերջին Սուխումում կայանալու է ռուս-աբխազական առևտրատնտեսական միջկառավարական հանձնաժողովի տասներորդ նիստը, որտեղ քննարկվելու են երկու երկրների տնտեսական փոխգործակցության խորացման, Աբխազիայի զարգացմանն աջակցելու հարցերը և 2015 թվականի ներդրումային ծրագիրը:

 

 

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, ՌԴ-ի և Աբխազիայի միջև ստորագրված են բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին 2008 թվականի սեպտեմբերի 17-ի պայմանագիրը և դաշնակցության ու ռազմավարական գործընկերության մասին 2014 թվականի նոյեմբերի 24-ի պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 2015 թվականի մարտի 5-ին:

 

 

Ստորագրման են պատրաստվում ևս շուրջ 30 պայմանագրեր ու համաձայնագրեր, ինչպես նաև սեկտորալ փաստաթղթեր՝ ի զարգացումն դաշնակցության և ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի: Դրանում կարտացոլվեն փոխգործակցության նոր ասպեկտները, որոնք վերաբերում են պաշտպանությանն ու անվտանգությանը, սոցիալական, մարդասիրական և փոխգործակցության մյուս բնագավառներին: