Ադրբեջանի նավթարդյունահանման ոլորտը շարունակում է մնալ Կասպից ծովում էկոլոգիայի հիմնական վնասարարը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ենի Մուսավաթ» թերթը հայտնել է, որ BP-Azerbaijan ընկերության' Կասպից ծովում գտնվող «Շահդենիզ» հանքահորի «Իսթիգլալ» հորատանցքում մարտի 5-ին տեղի ունեցած աղետի պատճառով մոտ 100 տ նավթ է արտահոսել ծով: Ադրբեջանական նավթի արդյունահանման բրիտանական օպերատոր BP-Azerbaijan ընկերության մամուլի ծառայությունը հաստատել է փաստը:

 

Թերթը հայտնել է, որ BP-ի ադրբեջանական ընկերությունը Կապից ծովում նման խոշոր աղետներ հաճախ է թույլ տալիս, ինչի մասին հայտնի է դառնում տարիներ անց:

 

The Guardian թերթն ավելի վաղ հայտնել էր, որ 2008 թվականին Կասպից ծովում BP-ի «Կենտրոնական Ազերի» հարթակում տեղի ունեցած վթարը հանդիսացել է ամենամեծը, որի հասցրած բնապահպանական վնասն ավելի մեծ է գնահատվում, քան երկու տարի հետո Մեքսիկայի ծովածոցում ընկերության հասցրած վնասն է եղել: Սակայն, ի տարբերություն այդ աղետի, Կասպից ծովում կատարվածը թաքցվել է հանրությունից: Այդ վթարից հետո BP-Azerbaijan ընկերությունը ստիպված է եղել փակել նավթի երկու հանքահորեր եւ օրական 500 հազար բարելով նվազեցնել ծովում նավթի արդյունահանման ծավալը: Այս մասին ավելի վաղ հայտնել էր WikiLeaks-ը:

 

Այդ աղետից հետո' 2010 թվականին BP-ին Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հետ Կասպից ծովի «Շաֆագ-Ասիման» ադրբեջանական հատվածում նավթի հետախուզման եւ արդյունահնման 30 տարի տեւողությամբ պայմանագիր էր ստորագրել: