Նախկին ԽՍՀՄ երկրների շրջանում Հայաստանը յուրահատուկ տեղ է զբաղեցնում թվային ոլորտի զարգացման առումով, քանի որ տեխնոլոգիաների արդիականացման ոլորտում այստեղ մեծ է նաև պետական աջակցությունը, իսկ Հայաստանում շարժական կապի օպերատորները շատ արագ արձագանքում են շուկայի շահանջներին և համաշխարհային նորարարություններին:

 

Նման կարծիք «Արմեներես»-ի հետ հարցազրույցում արտահայտեց Ericsson ընկերության' Հայաստանում առանցքային հաճախորդների հետ աշխատանքի գծով տնօրեն Վոյցեխ Բայդան:

 

 

-Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում Ericsson-ի գործունեության առաջին 6 տարիները:

 

 

-Հայաստանյան շուկան բավականին հետաքրքիր է մեզ համար, և այնտեղ մենք կարողացել ենք ծավալել բավականին հաջող գործունեություն երկրի տարբեր ոլորտներում: Ամենը սկսվեց 2009 թ., երբ դրեցինք Ucom ընկերության հետ համագործակցության հիմքը՝ օգնելով այն օրերին նորաստեղծ ընկերությանը Հայաստանում ներդնել IP հեռուստատեսության համակարգ: Իսկ այսօր մենք Հայաստանում համագործակցում ենք երկրում գործող համարյա բոլոր բջջային օպերատորների հետ: Հայաստանի տարածքում մենք դեռ չենք համագործակցում միայն Օրանժի հետ, սակայն համաշխարհային մակարդակով Ericsson-ն Օրա նժի նախընտրելի գործընկերների ցուցակում է:

 

 

-Ինչպիսի՞ ծրագրեր եք իրականացնում Հայաստանյան կառավարության հետ համատեղ:

 

 

-Ներկա պահին Հայաստանի Հանրապետության կառավարության հետ մենք համագործակցում ենք երկու ծրագրերի շրջանակներում, դրանք են էլեկտրոնային առողջապահությունը և հեռուստատեսության թվայնացումը: Երկու ծրագրերի իրականացման իրավունքը մենք ստացել ենք մասնակցելով և հաղթելով հանրային մրցույթները: Էլեկտրոնային առողջապահության ծրագիրը ներկա պահին պատվիրատուի և մեր երկկողմանի համաձայնության հիման վրա ժամանակավորապես դանդաղ է իրականացվում, ինչը պայմանավորված է սարքավորումների գնման և փաստաթղթային աշխատանքների իրականացմամբ: Սակայն հաջորդ տարի հունվարին կմեկնարկի ծրագրի պիլոտային տարբերակը, որին կհաջորդի ծրագրի' հանրապետությունով մեկ առևտրային շահագործումը:

 

Այս համակարգի միջոցով բժշկը համակարգի միջոցով կկարողանա տեսնել այցելուի առողջապահական պատմությունը, ինչպես նաև հղել դեղատոմսն այցելուի տանն առավել մոտիկ դեղատուն, որտեղ աշխատողը կկարողանա վերջինիս տալ բժշկի կողմից նշանակված ճիշտ դեղը և դրա համապատասխան դեղաչափը:

 

 

-Որքանո՞վ հեշտ կլինի Հայաստանում ներդնել նման համակարգ' հաշվի առնելով, որ յուրաքանչյուր բժիշկ ստիպված պետք է լինի գնել համակարգիչ կամ պլանշետ:

 

 

-Իրականում տեխնիկան չի հանդիսանում խնդիր, քանի որ այս ծրագիրը հնարավոր է գործածել նույնիսկ ամենաէժանագին պլանշետով: Այս համակարգի ներմուծման ընթացքում մեր ամենամեծ դժվարությունը ոչ թե սարքավորումների գնումն է կամ որևէ այլ տեխնիկական հարց, այլ բժիշկներին նոր համակարգով աշխատելու ցանկության բացակայությունը՝ շատերը հանդիսանդիսանում են ավագ սերնդի ներկայացուցիչներ և խուսափում են գործ ունենալ համակարգչի կամ պլանշետի հետ:

 

 

-Հայաստանում թվային հեռուստատեսության մեկնարկը հայտարարվել է այս տարի հուլիսի սկիզբը: Որքանո՞վ է դա իրատեսական, հաշվի առնելով երկրի աշխարհագրական յուրահատկությունները:

 

 

-Անալոգային հեռուստատեսության թվայնացման ծրագիրը հնարավորություն կտա ողջ Հայաստանով մեկ լուծել հեռուստատեսության թվայնացումը: Այն ենթադրում է ներառել Երևանից մինչև բարձրադիր լեռնային գյուղերը: Անցած տարի նոյեմբերին մենք իրականացրեցինք առաջին ազդանշանի հաղորդման փորձարկումը, և գարնանից կմեկնարկի աշխատանքների վերջին փուլի իրականացումը, որպեսզի հուլիսի 10-ին Հայաստանում մեկնարկի թվային հեռուստատեսության շահագործումը: Արդյունքում թե Երևանում, և թե բարձրադիր լեռնային բնակավայրերում հեռուստատեսության եթերի որակը կլինի նույն մակարդակի վրա:

 

 

-Բացի վերոհիշյալ ծրագրերից, ո՞ր ոլորտում կարելի է ակնկալել Հայաստանում ծրագրերի իրականացում:

 

 

-Ինչպես ասացի, Հայաստանը տարածաշրջանում նորարարությունների նկատմամբ ամենաբաց երկրին է, քանի որ կառավարությունը գիտակցում է դրանց կարևորությունը և միջոցներ է հատկացնում իրականացման համար: Յուրաքանչյուր նմանատիպ ծրագիր պահանջում է առնվազն մի քանի միլիոն դոլարի ներդրում, որը կատարում է կառավարությունը:

 

 

Կարծում եմ, որ Հայաստանին հետաքրքիր կլինի կիրառել Էստոնիայի տարբերակը, որտեղ ստեղծվեց Smart meter էներգախնայող համակարգ, որը նախօրոք ծրագրավորման շնորհիվ միացնում է լվացքի մեքենան կամ ափսե լվացող մեքենան ավելի մատչելի սակագնի ժամանակ, ինչպես նաև հնարավորություն՝ խուսափելու Էներգիայի հաշիվների չափման ժամանակ երբեմն առաջացող խնդիրներից: Նաև կարծում ենք, որ Երևանի քաղաքապետարանին հետաքրքիր կլինի խելացի քաղաքի տարրերի ներմուծումը, որը հնարավոր կլինի իրականացնել օպերատորներից մեկի հետ համատեղ ծրագրի միջոցով: Գալիք երկու տարիների ընթացքում, կամ մինչև 2018 թ. մենք ականատես կլինենք Հայաստանում բազում նորամուծությունների:

 

 

Հարցազրույցը՝ Անահիտ Մինասյանի