«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար ԱՄՆ-ը որոշել է օգտվել Թուրքիայի «Ինջիռլիք» ռազմաբազայի հնարավորություններից:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

 

Նշվում է, որ ԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայի ուժերին աջակցելու նպատակով ԱՄՆ-ն արդեն ստացել է «Ինջիռլիք»-ում անօդաչու ինքնաթիռներ տեղադրելու եւ օգտագործելու վերաբերյալ Անկարայի համաձայնությունը:

 

Ըստ թուրքական մամուլի' թուրքական կողմի եւ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար Լոյդ Օսթինի ու ԱՄՆ նախագահի անձնական ներկայացուցիչ, թոշակառու գեներալ Ջոն Ալենի միջեւ ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի առաջիկա երեք շաբաթվա ընթացքում ամերիկյան կողմը «Ինջիռլիք» ավիաբազայում կտեղակայի 2 մարտական Predator տեսակի անօդաչու սարք:

 

Նշվում է, որ չնայած բանակցություններում ամերիկյան կողմը բարձրացրել է «Ինջիռլիք»-ում ամերիկյան ռազմական ինքնաթիռներ եւ օդաչուներ տեղակայելու հարցը եւս, սակայն, Թուրքիան դեմ է հանդես եկել այդ առաջարկին:

 

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը «Ինջիռլիք»-ում Predator-ների տեղակայվելու վերաբերյալ որեւէ մեկնաբանությամբ հանդես չի եկել:

 

Ներկայում ԻՊ-ին հարվածներ հասցնելու համար ԱՄՆ-ն օգտագործում է Պարսից ծոցում տեղակայված իր ավիակիրները: