«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.
Նուլանդը Եվրոպայում կքննարկի գլոբալ հիմնախնդիրները եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնական Վիկտորյա Նուլանդը այցով մեկնում Է Գերմանիա, Սլովենիա, Իտալիա եւ Բելգիա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտի մամուլի ծառայությանը, նա ուղեւորության մեջ կգտնվի մինչեւ մարտի 20-ը:
Մամուլի համար արված կարճ հաղորդագրության մեջ չի ճշտվում՝ ինչ հարցեր է Նուլանդը քննարկելու այդ երկրների կառավարությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ Բրյուսելում «ՆԱՏՕ-ի ղեկավարների եւ Եվրահանձնաժողովի անդամների» հետ: Միայն ասված է, որ կոնսուլտացիաների թեման լինելու են «երկկողմ, տարածաշրջանային եւ գլոբալ խնդիրները»:
Մինչդեռ, ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, անցած շաբաթ Նուլանդը Կոնգրեսում կայացած լսումների ժամանակ հայտնել է, թե պլանավորում է մոտ ժամանակներս այցելել մի շարք եվրոպական երկրներ, որոնք դեմ են Ուկրաինայի իրադրության կապակցությամբ Ռուսաստանի նկատմամբ արեւմտյան պատժամիջոցների խստացմանը: Դրանց թվում հիշատակվել են Հունաստանը, Հունգարիան եւ Կիպրոսը: Պետքարտուղարի օգնականի խոսքով՝ Միացյալ Նահանգները «այդ թեմայի շուրջ նրանց հետ շարունակում են խոսել երկկողմ հիման վրա»:
***
Նաիրիտցիները նախագահականից երթով շարժվում են դեպի կառավարություն
Այսօր «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում:
«Նաիրիտի»՝ արդեն նախկին աշխատակիցները հույս ունեին, որ գոնե այդտեղ Սերժ Սարգսյանը տեսնելով իրենց՝ կմոտենա և իրենց խնդրին վերջնական լուծում կտա, սակայն նախագահական ավտոշարասյունն անցել է ցուցարարների կողքով:
'
Ակցիայի մասնակիցները բողքի ակցիան շարունակեցին Բաղրամյան 26-ի դիմաց: Նրանք այս պահին երթով շարժվում են դեպի կառավարություն:
***
Ակնկալում եմ, որ ԱԺ-ն քվեարկությամբ կզրկի ինձ անձեռնմխելիությունից. Տիգրան Ուրիխանյանը՝ «իր հանդեպ ճնշումների» մասին
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասվում է.
«Ուրեմն, ինչ է ստացվում՝ մաքուր կենսագրությամբ մարդու նկատմամբ էլ ճնշում գործադրելու ուրիշ միջոց չեն գտնում: Իբր 2012թ-ին կատարված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար (ուշադրություն՝ 3 տարի անց, առանց որևէ ծանուցման, առանց որևէ ընթացակարգի) երկու օր առաջ ՀՀ Վարչական դատարանի որոշմամբ ենթարկվել եմ պատասխանատվության, ինչն օրենքով ուղղակի արգելված է: Ընդ որում, որոշումը երկու օր առաջ եմ ստացել ֆինանսական «մախինացիաների» մեջ ընկած, անհայտ կորած և աշխատանքից արդեն ազատված դատավոր Ռ. Սարգսյանի ստորագրությամբ:
Եվ եթե սա իմ նկատմամբ ճնշման փորձ է, ապա պահանջում եմ, որ այս դեպքում ևս պահպանվի օրինականությունը, այն է՝ դատական կարգով ինձ պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է ինձ նախապես զրկել ՀՀ ԱԺ պատգամավորի անձեռնմխելիությունից:
Ակնկալում եմ, որ ՀՀ Գլխավոր դատախազը օրենքի և կարգի համաձայն առաջիկայում կմտնի Ազգային Ժողով և ԱԺ-ն քվեարկությամբ կզրկի ինձ անձեռնմխելիությունից: Իսկ, որ այս ամենը առնչվում է ժողովրդին տուգանքային ռեկետի ենթարկելու դեմ պայքարող պատգամավորի նկատմամբ, եզրակացությունները թողնում եմ հանրությանը»:
***
Ադրբեջանում ամուսինը կացնով սպանել է կնոջը
Ադրբեջանում վերջին շրջանում կացնով եւ սուր կտրող-ծակող գործիքներով հարազատների սպանության դեպքերն ավելացել են:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, նման սպանության հերթական միջադեպը գրանցվել է Ադրբեջանի Շաքիի շրջանի Բաշ Գյոյնյուք գյուղում:
Շրջանի ոստիկանական բաժանմունքից գործակալությանը հայտնել են, որ գյուղի բնակիչ Իսլամ Զաքարիա օղլու Աբդուլլաեւը (ծնվ. 1939 թ.) ընտանեական վիճաբանության հողի վրա կացնով սպանել է կնոջը' Իրաի Մամեդ գըզը Մամեդովային (ծնվ. 1947 թ.): Ի.Աբդուլլաեւը ձերբակալվել է: Փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացվում:
***
Իրաքում բռնել են ԻՊ-ի 20 գրոհայինների' կանացի հագուստով
Իրաքյան բանակի զինծառայողները Բաքուբա քաղաքում ձերբակալել են կանանց նման հագնված «Իսլամական պետության» 20 գրոհայինի: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը:
Ջիհադիստները կանացի հագուստ են կրել և դիմահարդարված են եղել: Նրանցից ոմանք նախընտրել են բեղերն ու մորուքները թողնել առանց սափրելու:
Այժմ ԻՊ-ի գրոհայինները գտնվում են ոստիկանության բաժանմունքում:
***
Գյումրիում իրար հաջորդած սպանությունների քրեական գործերը միացվել են մեկ վարույթում
Գյումրի քաղաքի բնակիչներ Ք.Վարդանյանի և Ս.Հակոբյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը հանձնարարվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը
Գյումրի քաղաքի բնակիչներ Ք.Վարդանյանի և Ս.Հակոբյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթ, որի նախաքննությունը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, շարունակվում է Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2015թ. մարտի 7-ի առավոտյան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին հարակից ձորակում հայտնաբերվել է «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենան, որի հետևի նստատեղին հայտնաբերվել է վարորդի՝ 1984 թվականի ծնված Քրիստ Վարդանյանի դիակը հրազենային վնասվածքներով:
Նշված դեպքի առթիվ մարտի 7-ին Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
2015թ. մարտի 8-ի առավոտյան Քեթի գյուղի վարչական տարածքում' Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 7.6-րդ կմ Հատվածին կից ձորակում, հայտնաբերվել է 1981 թվականի ծնված Սամվել Հակոբյանի դիակը՝ մահվան հասցնող բռնության հետևանքներով:
Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում մարտի 8-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ք.Վարդանյանը եւ Ս.Հակոբյանը ճանաչել են միմյանց, եւ մարտի 6-ի երեկոյան վերջինս եղել է Ք.Վարդանյանի տանը։ ժամը 22:00-ի սահմաններում Ս.Հակոբյանը գնացել է, մի քանի րոպե հետո տնից դուրս է եկել նաեւ Ք.Վարդանյանը՝ «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայով: Մարտի 7-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, նրանց հեռախոսահամարներն անհասանելի են եղել, եւ հարազատներին այլեւս չի հաջողվել հեռախոսակապ հաստատել նրանց հետ։
Դիակների արտաքին եւ ներքին զննության արդյունքներով դատաբժիշկների գնահատմամբ Ք.Վարդանյանի և Ս.Հակոբյանի մահը վրա է հասել գրեթե նույն ժամանակահատվածում:
Հիմք ընդունելով նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները՝ նախաքննությամբ մշակվել են մի շարք աշխատանքային վարկածներ, որոնց թվում է նաեւ Ք.Վարդանյանի եւ Ս.Հակոբյանի սպանությունները նույն անձի կամ անձանց կողմից կատարված լինելը։
Նախաքննության արդյունավետությունն ապահովելու համար որոշում է կայացվել հիշյալ քրեական գործերը միացնել մեկ վարույթում եւ քննությունը շարունակել մեկ քրեական գործի շրջանակներում, իսկ նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությանը:
***
Նեմցովի սպանության գործով բոլոր մեղադրյալները հրաժարվել են համագործակցել հետաքննության հետ
Քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով մեղադրյալները հրաժարվել են համագործակցել հետաքննության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել Է իրադրությանը ծանոթ մի աղբյուր:
Նա հաստատել Է, որ ձերբակալվածներից ոմանք հարցաքննությունների ընթացքում օգտվում են ՌԴ-ի Սահմանադրության 51-րդ հոդվածից եւ չեն պատասխանում հարցերին:
«Սկզբնական փուլում համագործակցում Էր միայն Զաուր Դադաեւը, բայց այժմ նա պաշտոնապես հրաժարվել Է խոստովանական ցուցմունքներից՝ փոխելով իր մարտավարությունը»,-ասել Է գործակալության զրուցակիցը:
Բորիս Նեմցովը փետրվարի 28-ի գիշերն սպանվել Է Մոսկվայի կենտրոնում՝ Կրեմլից ոչ հեռու: Սպանության գործով ձերբակալվել Է հինգ մարդ՝ Զաուր Դադաեւը, Անզոր Գուբաշեւը, Խամզաթ Բախաեւը, Թամեռլան Էսքերխանովը եւ Շադիդ Գուբաշեւը:
Իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել Է, որ նախնական տվյալներով՝ քաղաքական գործչի սպանության անմիջական կատարողը եղել Է «Սեւեռ» չեչենական գումարտակի նախկին փոխհրամանատար Զաուր Դադաեւը:
Մարտի 16-ին հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը հայտնել Է, որ իրավապահ մարմինները վերանայել են Նեմցովի սպանության գործով կալանավորներին առաջադրված մեղադրանքը. շահադիտական դրդապատճառներով կամ վարձավճարի դիմաց հանցագործության փոխարեն առաջադրվել Է քաղաքական կամ կրոնական ատելության դրդապատճառը: Նույն օրը Դադաեւի փաստաբանը հայտարարել Է, որ իր պաշտպանյալն ալիբի ունի, բայց մանրամասներ չի բացահայտել:
***
Հայտնի է Վարդան Պետրոսյանի գործով Վերաքննիչ դատարանի նիստի օրը
Վերաքննիչ քրեական դատարանը դերասան Վարդան Պետրոսյանի գործով ներկայացրած բողոքի քննության օր է նշանակել ապրիլի 1-ը:
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնի դարձավ դատական տեղեկատվական համակարգից:
Կոտայքի մարզի դատախազությունը պահանջում է պատժաչափի մասով բեկանել և փոփոխել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի' Վարդան Եղիշի Պետրոսյանի վերաբերյալ 2015թվականի հունվարի 29-ի դատավճիռը (ազատազրկում 5 տարի ժամկետով և 2 տարի ժամկետով զրկում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից) և Վարդան Պետրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նշանակել հոդվածով նախատեսված ավելի խիստ պատիժ:
Իր հերթին տուժող կողմը պահանջում է բեկանել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի' Վարդան Եղիշի Պետրոսյանի վերաբերյալ 2015 թվականի հունվարի 29-ի դատավճիռը ' ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատժի մասով և նշանակել պատիժ' ազատազրկում նվազագույնը 6 տարի ժամկետով և 3 տարի ժամկետով զրկում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: Բացի այդ'տուժող կողմը պահանջում է նաև հայցի մասով բեկանել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վերը նշված դատավճիռը' ամբողջությամբ բավարարելով տուժող Տաթևիկ Հակոբյանի առողջությանը պատճառված վնասի մասով ներկայացված հայցապահանջը:
Քրեական վերաքննիչ դատարանի նախագահող դատավորն է Հենրիկ Տեր-Ադամյանը, դատավորներն են Մհեր Արղամանյանը և Արարատ Պետրոսյանը:
2015 թվականի հունվարի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2013 թ. հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ավտովթարի գործում մեղավոր ճանաչեց դերասան Վարդան Պետրոսյանին' նրան դատապարտելով 5 տարվա ազատազրկման' 2 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից։
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 16-ին տեղի ունեցած նիստին դատախազ Արթուր Սարգսյանը հանդես էր եկել մեղադրական ճառով և պահանջել Վարդան Պետրոսյանին դատապարտել 6 տարի 6 ամիս ազատազրկման:
***
Պուտինն այս շաբաթ հագեցած աշխատանքային գրաֆիկ ունի. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս շաբաթ Արդյունաբերողների և գործարարների միության հետ կքննարկի երկրում տիրող տնտեսական վիճակը, կստորագրի պայմանագիր Հարավային Օսիայի հետ, ինչպես նաև Աստանայում կհանդիպի Ղազախստանի և Բելառուսի իր գործընկերների հետ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
«Ընթանում են վաղվա ռուս-հարավօսական բանակցությունների նախապատրաստությունները»,- լրագրողներին է հայտնել նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ հինգշաբթի կկայանա հանդիպում բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ: Նույն օրը գիշերվան մոտ նախագահը կմեկնի Աստանա, որտեղ կաշխատեն 3 պետության ղեկավարները' Ռուսաստան, Ղազախստան և Բելառուս:
Պեսկովը նաև հայտնել է, որ այս շաբաթ Պուտինի գրաֆիկում նշված է նաև մեկ միջոցառում, որը կապված է Ղրիմի զարգացման հետ:
***
Գյումրիի 2 բնակիչների սպանության գործով նախաքննությունն իրականացնում է ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը
Գյումրի քաղաքի բնակիչներ Ք.Վարդանյանի և Ս.Հակոբյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթ, որի նախաքննությունը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, շարունակվում է Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում։
2015թ. մարտի 7-ի առավոտյան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին հարակից ձորակում հայտնաբերվել է «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենան, որի հետևի նստատեղին հայտնաբերվել է վարորդի՝ 1984 թվականի ծնված Քրիստ Վարդանյանի դիակը հրազենային վնասվածքներով: Նշված դեպքի առթիվ մարտի 7-ին Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:
2015թ. մարտի 8-ի առավոտյան Քեթի գյուղի վարչական տարածքում' Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 7.6-րդ կմ hատվածին կից ձորակում, հայտնաբերվել է 1981 թվականի ծնված Սամվել Հակոբյանի դիակը՝ մահվան հասցնող բռնության հետևանքներով: Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում մարտի 8-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) հատկանիշներով:
Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ք.Վարդանյանը և Ս.Հակոբյանը ճանաչել են միմյանց, և մարտի 6-ի երեկոյան վերջինս եղել է Ք.Վարդանյանի տանը։ ժամը 22:00-ի սահմաններում Ս.Հակոբյանը գնացել է, մի քանի րոպե հետո տնից դուրս է եկել նաև Ք.Վարդանյանը՝ «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայով: Մարտի 7-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, նրանց հեռախոսահամարներն անհասանելի են եղել, և հարազատներին այլևս չի հաջողվել հեռախոսակապ հաստատել նրանց հետ։
Դիակների արտաքին և ներքին զննության արդյունքներով դատաբժիշկների գնահատմամբ Ք.Վարդանյանի և Ս.Հակոբյանի մահը վրա է հասել գրեթե նույն ժամանակահատվածում:
Հիմք ընդունելով նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները՝ նախաքննությամբ մշակվել են մի շարք աշխատանքային վարկածներ, որոնց թվում է նաև Ք.Վարդանյանի և Ս.Հակոբյանի սպանությունները նույն անձի կամ անձանց կողմից կատարված լինելը։
Նախաքննության արդյունավետությունն ապահովելու համար որոշում է կայացվել հիշյալ քրեական գործերը միացնել մեկ վարույթում և քննությունը շարունակել մեկ քրեական գործի շրջանակներում, իսկ նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությանը: