Կարսում Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի անվան դպրոցի բացման ժամանակ թուրքական արարողակարգային սխալը խիստ զայրացրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական CNN Turk ծառայությունը:
Բացմանը Էրդողանի հետ ներկա էին նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Միջոցառման սկզբում արարողակարգով նախատեսված էր երեք պետությունների պետական հիմների հնչեցումը, սակայն թուրքական հիմնից հետո, երբ բոլորը ոտքի կանգնած սպասում էին ադրբեջանական հիմնին, այն այդպես էլ չի հնչել: Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես զայրացած Էրդողանը մեկը մյուսի հետևից իր մոտ է կանչել արարողակարգի պատասխանատուներին և հայտնել իր զայրույթը: Քիչ անց նրան է մոտեցել Թուրքիայի կրթության նախարար Նաբի Ավջըն և հեռախոսով միացրե լ է Ադրբեջանի հիմնը:
Այն լսելուց հետո Էրդողանը լսել է տվել նաև իր գլխավոր խորհրդականին, սակայն վերջնական համոզվելու համար երգը ստուգելու են տվել արդեն Ադրբեջանի նախագահ Ալիևին, ով ևս հաստատել է, որ երգը ճիշտ է, սակայն հավելել է նաև, որ այն միացնելու կարիք չկա: Այդուհանդերձ, Էրդողանն անսասան է եղել արարողակարգային սխալը շտկելու հարցում և իր ելույթից առաջ միացրել է տվել Ադրբեջանի պետական օրհներգը: