Հայաստան ժամանած կանադացի գործարարները կառուցողական բանակցություններ են ունեցել հայ գործընկերների հետ: Երկու կողմերն էլ պատրաստ են համագործակցել և ամրապնդել տնտեսական հապերը գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների և հանքարդյունաբերության ոլորտներում:

 

 

Այս մասին Սփյուքի նախարարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայատանում Կանադայի դեսպան (համատեղության կարգով, նստավայրը' Մոսկվա) Ջոն Ռոնալդ Քյուրին: Դեպանի խոսքով' կանադացի գործարարների համար խոչընդոտ չէ այն փաստը, որ Հայաստանն այս տարվանից անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը:

 

 

«Մենք հուսով ենք, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին պետք է խթանի Հայատանում տնտեսական մթնոլորտի զարգացմանը: Տնտեսական գլոբալացման ժամանակաշրջանում մենք պետք է փորձենք հայ-կանադական տնտեսական հարաբերությունները ևս զարգացնել, և դրան չի կարող խանգարել Հայաստանի տնտեսական ինտեգրումը: Կանադացի գործարարների հաջող ներդրումների օրինակներ կան Հայաստանում, և մենք համոզված ենք, որ Հայաստանը, զարգացնելով կապերը այլ երկրների հետ, դիվերսիֆիկացիա կապահովի իր տնտեսության մեջ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց դեսպան Քյուրին:

 

 

Հայաստանում Կանադայի դեսպանը վստահ է, որ հայ-կանադական տնտեսական հարաբերությունները կարող են լինել բարձր մակարդակի վրա: «Մենք Հայաստանը դիտարկում ենք ոչ միայն որպես ներդրումային դաշտ, այլև առևտրային գործընկեր, որի հետ կարող ենք համագործակցել տարբեր ոլորտներում: Երկու երկրներըն ունեն ավանդական լավ հարաբերություններ, իսկ Կանադան էլ Հայաստանի խոշորագույն ներդրողներից է հատկապես հանքարդյունաբերության ոլորտում: Պետք է աշխատենք ավելի ակտիվացնել այս կապերը»,- ասաց նա: Դեսպանի խոսքով' նպատակին հասնելու համար Կանադայում Հայաստանի դեսպանությունը և իրենք պետք է ավելի հետևողական աշխատանք տանեն: