Հակառուսական պատժամիջոցները չեն թուլացվի, քանի դեռ Մոսկվան չի կատարել Մինսկի համաձայնությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որը տարածվել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի եւ ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի միջեւ կայացած հեռախոսազրույցի ա րդյունքների վերաբերյալ:

 

«Երկու երկրների ղեկավարները համակարծիք են հակամարտության կայուն եւ խաղաղ լուծման հասնելու նպատակով Մինսկի համաձայնությունների ամբողջական եւ օպերատիվ իրագործման անհրաժեշտության հարցում: Նրանք հավաստել են իրենց այն պայմանավորվածությունը, որ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեն թուլացվի, քանի դեռ նա չի կատարել Մինսկի համաձայնություններով իր ստանձնած պարտավորությունները»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 

Օբաման եւ Մերկելը, ինչպես նշել են Սպիտակ տանը, նաեւ պայմանավորվել են այսուհետեւ էլ տնտեսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային բարեփոխումներ իրականացման համար: