Գյումրին ունի ևս մեկ հրշեջ-փրկարարական ջոկատի կարիք: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավաիճակների նախարարության Շիրակի մարզային փրկարարական վաչության պետ Մարատ Սարիբեկյանը: Մարզն այս պահին ունի 6 հրշեջ-փրկարարական ջոկատ:
«Եթե խոսքը վերաբերում է տարածաշրջաններին՝ Անի, Ախուրյան, Աշոցք և Ամասիա, ապա ջոկատները բավարարում են, իսկ եթե կա էլ խնդիր, ապա առաջ է քաշվել հրշեջ-հենակետեր ստեղծելու հարցը: Հենակետերի առաջարկը ներկայացվել և հավանության է արժանացել ՀՀ ՏԿԱԻ նախարարությունում: Մարզում ստեղծվելու է 10 հրշեջ-հենակետ, որտեղ կներգրավվեն ինչպես փրկարարական վարչության, այնպես էլ տեղի ուժերը: Սրանք անհրաժեշտ են հիմնականում ձնաբքի և հրդեհների ժամանակ հրատապ օգնություն կազմակերպելու նպատակով»,- նշեց Մարատ Սարիբեկյանը:
Գյումրին այս պահին ունի 1 փրկարարական ջոկատ՝ նախկին 2-ի փոխարեն: Հաշվի առնելով ջոկատների տարածքային պայմանները՝ 2 ջոկատը մեկտեղվել է 1 ջոկատի կազմում: «Չնայած այս պահին ունենք հզոր, բայց 1 ջոկատ, ինչը դժվարություններ է առաջացնում տարածքային առումով' սպասարկելու համար ողջ Գյումրին: Ի դեպ, ջոկատի մեջ օրական զբաղված է 3 օղակ՝ 1-ը փրկարարական աշխատանքերով, իսկ 2-ը հրդեհաշիջման: Սակայն, զուտ տարածքային առումով՝16-17 կմ, և հաշվի առնելով նաև այն, որ Գյումրու ջոկատը, Գյումրիից բացի, սպասարկում է Ախուրյանի տարածաշրջանի 12 գյուղական հա մայնք, աշխատանքներն արագ ու ժամանակին իրականացնելու համար հրատապ է 2 ջոկատի խնդիրը»,- նշեց պատասխանատուն
Արմենուհի Մխոյան