Ադրբեջանը շարունակում է հակադրվել Մինսկի խմբի համանախագահներին և, փաստորեն, ձախողում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները:

 

Այս մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստի ընթացքում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ ելույթ ունենալով տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ քննարկումների ընթացքում: «Բաքուն մերժում է Մինսկի խմբի համանախագահների առաջարկները թե՛ հիմնահարցի կարգավորման հիմնարար սկզբունքների, թե՛ վստահության ամրապնդման միջոցների ստեղծման վերաբերյալ՝ վտանգելով Մինսկի խմբի՝ նախորդ տարիների կատարած աշխատանքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Արզումանյանը:

 

Պատգամավորը շեշտեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում Բաքուն կտրուկ սրել է իրավիճակը՝ զգալիորեն մեծացնելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը՝ թիրախավորելով քաղաքացիական օբյեկտներ: «Այս քաղաքականությունը պատճառ է դարձել աննախադեպ մեծ թվով կորուստների հակամարտության բոլոր երեք կողմերի համար: Նման դեպքի մենք ականտես եղանք երեկ, երբ հայկական կողմը ունեցավ 3 զոհ և 4 վիրավոր»,- շեշտեց Արզումանյանը:

 

Ալեքսանդր Արզումանյանը նաև նշեց, որ ադրբեջանական կողմի ապակառուցողական քաղաքականության մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջին անգամ ստիպված եղան Ադրբեջանին կոչ անել հավատարիմ մնալ իր պարտավորություններին:

 

Պատգամավորը խոսեց նաև Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հռետորաբանության մասին՝ հիշեցնելով, որ վերջին տարիներին իր ռազմական բյուջեն 30 անգամ մեծացրած Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ սպառնացել է ԼՂ հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով: «Մինչդեռ Հայաստանի համար հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մանդատ ունեն միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները: Հայաստանը եղել և շարունակելու է հավատարիմ մնալ այն հիմնարար սկզբունքներին, որոնք առաջարկել են Մի նսկի խմբի համանախագահները հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար»,- եզրափակեց Արզումանյանը: