ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 23-ին տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը զեկուցել է մարտի 14-18-ը Ճապոնիայի Սենդայ քաղաքում անցկացված ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման 3-րդ համաշխարհային կոնֆերանսի արդյունքների մասին:
ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Լ. Վարդանյանը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը: Ծառայության պետը հաղորդել է, որ ցրտահարության վտանգ հանրապետության տարածքում չկա: «Հայաստանի ազգային արխիվի» տնօրեն Ամատունի Վիրաբյանը զեկուցել է մարտի 19-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցած «Ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» ռուսալեզու գրքի շնորհանդեսի մասին:
Միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ Ի. Դավթյանը ներկայացրել է շաբաթվա ընթացքում ապաստանի հարցով դիմած քաղաքացիների և ՌԴ մուտքի արգելք ունեցող քաղաքացիների մասին ամփոփ տվյալները:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և մարզային ՃԿԿ-ների ստեղծման ընթացիկ աշխատանքների մասին։ Զեկուցվել է նաև մարզերում ճանապարհների անցանելիության մասին:
Խորհրդակցության ավարտին ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների և Համաշխարհային օդերևութաբանական օրվա' մարտի 23-ի կապակցությամբ, «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով է պարգևատրել ՀՀ ՏԿԱԻՆ «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պլանատնտեսագիտական և ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Մարգո Թանանյանին: Նախարարի հրամանով պատվոգրի և շնորհակալագրի են արժանացել նաև Հիդրոմետ ծառայության մի շարք աշխատակիցներ:
Նախարարի մեկ այլ հրամանով, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների, կրթության բնագավառում զգալի ավանդ ունենալու համար, ինչպես նաև ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ՏԿԱԻՆ «Պատվավոր աշխատակից» մեդալով է պարգևատրվել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փրկարար ծառայության գնդապետ Համլետ Մաթևոսյանը: