Օրեր առաջ ԱՄՆ-ում «USArmenia» հեռուստաալիքիեթերից տեղի է ունեցել «Showtime»հեռուստանախագծի պրեմիերան։ Նախագծի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով Lurer.com-ը կապ է հաստատել և զրուցել «Showtime»-ի հաղորդավար, հայտնի լրագրող, պրոդյուսեր Արա Կազարյանի հետ։
- Պարոն Կազարյան, ինչպե՞ս է ծագել «Showtime» հեռուստանախագծի գաղափարը և ովքե՞ր են հեղինակները:
- Գաղափարը ծնվել է «USArmenia» հեռուստաալիքի ղեկավարության հետ հանդիպման արդյունքում: Մենք եկանք այն եզրակացության, որ այսօր Լոս Անջելեսի հայկական հեռուստատեսություններից և ոչ մեկը չի ներկայացնում թոք շոու (talk show) և արդեն ժամանակն է, որ մենք ներկայացնենք այն, ինչի պակասը կա, քանի որ բազմաթիվ սերիալների առկայության պայմաններում այսօր հեռուստադիտողը հնարավորություն չունի դիտելու թոք շոու: Որոշեցինք ստեղծել նոր շոու-ծրագիր, որի հեղինակներն են` «DIMM Media»-ն, «USArmenia» հեռուստաընկերությունը և ես:
- Ինչո՞վ է պայմանավորված հեռուստանախագծի ներկայիս ֆորմատի ընտրությունը։
- Ֆորմատի ընտրությունը չափազանց կարևոր էր, թե´ ինձ համար, թե´ հեռուստատեսության համար, որովհետև դրա բացը կար, որովհետև «Բարի գիշեր, հայեր» հեռուստակամրջից հետո թոք-շոու չի եղել: Վերջին տարիներին զբաղված ենք եղել սերիալների արտադրությամբ, իսկ ես` որպես հաղորդավար, լրագրող, դարձել էի սերիալների պրոդյուսեր: Անընդմեջ նկարահանումներ էինք կատարում վերջին 3-4 տարվա ընթացքում, ինչի պատճառով էլ հեռացել էի իմ հիմնական մասնագիտությունից: Սիրով եմ համաձայնվել այս առաջարկն իրականացնել. մենք որոշեցինք ընտրել այն ֆորմատը, որը չափազանց ակտուալ է, սիրված և լայն ժողովրդականություն է վայելում ԱՄՆ-ում: Այստեղ ցանկացած հեռուստաալիք ունի գոնե մեկ հաջողակ երեկոյան շոու, որն ունի հսկայական լսարան: Ֆորմատը մենք չենք հորինել, ուղղակի վերցրել ենք և փորձել փոքր-ինչ «հայկականացնել»:
- Ձեզ հանրությունը ճանաչում է՝ իբրև ծանրակշիռ հաղորդավար, լրագրող։ Դժվար չէ՞ արդյոք Ձեզ համար այս ֆորմատով հանդես գալը։
- Ինձ հանրությունը ճանաչում է որպես հարցազրույցի ժանրում մասնագիտացած լրագրողի, ավելի սուր հարցադրումներով հանդես եկող հաղորդավարի, և կարծում եմ՝ չեմ փոխվի նաև այս դեպքում, չնայած այս նախագծում մարդիկ ցանկանալու են տեսնել ավելի թեթև հարցազրույց, բայց, կարծում եմ, ինչքան էլ թեթև լինի միջավայրը, խինդ լինի, ժպիտ լինի, չեմ կարողանա ինքս ինձանից շատ հեռանալ ու երբեմն իմ հյուրերին սուր հարցեր չտալ, ինչով էլ կհիշեցնեմ նրանց, որ Արա Կազարյանը մնացել է նույնը: Քնելուց առաջ մարդկանց փորձելու ենք տալ դրական հույզեր, պրոբլեմներից չխոսել: Դժվար է լինելու, քանի որ սա փորձություն է ինձ համար: Մի քանի հաղորդում արդեն իսկ տեսաձայնագրվել է, գործընկերներս ասում են՝ ինձ մոտ ստացվում է: Դեռ փորձնական փուլում ենք, բայց մի քանի հաղորդում հետո կզգանք մեզ ինչպես ձուկը՝ ջրում:
- Խնդրում եմ ներկայացրեք՝ ի՞նչ է իրենից ներկայացնում «Showtime»-ը, և ի՞նչ նորամուծություններ և հետաքրքիր բաղադրիչներ է այն պարունակում։
- Ինձ հետ հաղորդման ընթացքում աշխատելու է Երևանից ժամանած դերասան Գրեգորի Հակոբյանը: «Showtime»-ում ընդունելու ենք հյուրեր, ունենալու ենք բազմաթիվ բաժիններ, լրագրող, ով դրսից նյութեր է տրամադրելու, ունենք բաժին «Կոֆե դրեք, գալիս եմ», որի ժամանակ լրագրողն առանց զգուշացնելու մտնում է հայերի տները, սուրճ է խնդրում և հետաքրքիր զրույց վարում, մյուս բաժինը տրված է «Հայ քոմեդի»-ի շնորհաշատ տղաներին: Նրանք ներկայացնելու են ամենատարբեր հեռուստահաղորդումների, ֆիլմերի նմանակումներ: Ունենք «Հայ ստատուս», «Ամենից ամենա», «Ասողին լսող է պետք» էջեր, նաև «Խոսքը փոքրին, ջուրը՝ մեծին» էջ, որի շրջանակներում ամենահետաքրքիր թեմաներով զրուցելու եմ փոքրիկների հետ: Ամեն անգամ հեռուստաշոուն ավարտվելու է խաղահրապարակում: Մենք առանձնացրել ենք 10-12 խաղ, որոնք առաջակելու ենք մեր հյուրերին, կան նաև թիմային խաղեր, որոնք խաղալու ենք, երբ հյուրերը շատ կլինեն: Այդ խաղերը ևս վերցրել ենք ամերիկյան շոուներից, փոքր-ինչ «հայկականացրել ենք»: Առհասարակ հեռուստատեսությունում շատ դժվար է անել հեծանիվի գյուտ, որովհետև դա մեզանից առաջ խելոք մարդիկ արդեն իսկ արել են: Ունենք նաև «Ջրոցի», «Ձվածեղ», «Արդյոք ովքե՞ր են» խաղերը: Այս խաղերից յուրաքանչյուրը ծանոթ է հեռուստադիտողին, և ասեմ, որ դրանց ժամանակ չափազանց հետաքրքիր իրավիճակներ են լինելու:
- Շոուի ո՞ր մասը կառանձնացնեիք։
- Երևի թե կառանձնացնեմ խաղերի մասը, որը նույն ամերիկյան շոուներում ամենասիրված և սպասված պահն է, որովհետև մարդկանց հետաքրքիր է, թե օրինակ Դևիդ Բեքհեմն ինչպես է իր գլխին ձու կոտրում, կամ Մադոննան ու Լեդի Գագան ջրոցի խաղում, կարծում եմ մեզ մոտ ևս մարդկանց կհետաքրքրի խաղերի հատվածը:
- Հաշվի առնելով «Showtime»–ի բավականին հետաքրքիր, զվարճալի, նույնիսկ սկանդալային բովանդակությունը՝ արդյոք խնդիրներ առաջանո՞ւմ են նախագծի հյուրերի մոտ՝ այս կամ այն փորձությունը հաղթահարելու ժամանակ։
- Նկարահանել ենք 10-12 հաղորդում, դեռևս խնդիր չի եղել: Անգամ Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը եկավ մեզ հյուր, իրեն առաջարկեցի հելյումով փուչիկ շնչել ու ինձ հետ զրուցել: Գիտեք՝ հելիումը բարակացնում է ձայնը, և մարդը զավեշտալի վիճակում է հայտնվում: Նա սիրով համաձայնվեց: ԱՄՆ-ում նման խնդիր չկա, և սիրով համաձայնվում են նման ֆորմատի շոուների մասնակցել: Կարծում եմ՝ խաղերի առումով հյուրերի հետ խնդիր չի լինելու: Աշխարհը շատ է փոքրացել, անընդհատ հյուրընկալում ենք Հայաստանից հայտնի մարդկանց. հետաքրքիր հյուր ունենալու խնդիր չկա: Իմիջիայլոց, պրոդյուսերական կազմը փորձում է ամեն ինչ անել, որ բացի հայերից, հյուրընկալվեն նաև ամերիկացի հայտնի երգիչներ, դերասաններ:
Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Showtime Արա Կազարյանի հետ» հեռուստանախագծի թողարկումներից մեկը, որտեղ հյուրն է Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը.