Մարսելի պատմության թանգարանում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում, մարտի 19-ին բացվել է «100 աքսորի դիմանկար. հայ փախստականների ինքնության բացահայտումը» ցուցահանդեսը' Մարսելի A.R.A.M (Հայկական հիշողության հետազոտման և արխիվացման) կազմակերպության և Մարսելի քաղաքապետարանի համագործակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկա տվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան Կլոդ Գոդենը, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, պատմության թանգարանի տնօրեն Լորան Վեդրինը, A.R.A.M կազմակերպության նախագահ Ժակ Ուլուսյանը, քաղաքապետեր, տեղական ինքնակառավարման մարմինների և հայ համայնքի ներկայացուցիչներ, դիվանագետներ, լրագրողներ:
Ցուցահանդեսում ներկայացվել են Մարսել ժամանած' Ցեղասպանությունից փրկվածների լուսանկարներ, մեծ թվով անձնագրերի, ծննդյան, ամուսնության, փախստականի, Ֆրանսիայի հարավի հայկական պատրիարքարանի կողմից տրված մկրտության վկայականների բնօրինակներ, ինչպես նաև բազմաթիվ արժեքավոր այլ փաստաթղթեր:
A.R.A.M կազմակերպության նախագահ Ժակ Ուլուսյանն իր ելույթում նշել է, որ երբ 1915-1917թթ. երիտթուրքերի կառավարության կողմից իրականացվեց 1.5 միլիոն հայերի ցեղասպանություն, մի կերպ մազապուրծ եղած հայերը բնակություն հաստատեցին Մարսելում և կարողացան ամբողջապես ներգրավվել, ինտեգրվել քաղաքի կյանքին, նպաստել տնտեսական զարգացմանը: Դրա վառ ապացույցն են ցուցահանդեսում ներկայացված լուրջ, երբեմն սարսափած, բայց արժանապատիվ դեմքերով մարդկանց լուսանկարները: Եվ այսօր նրանց ժառանգները դարձել են Մարսելի լիիրավ, արժանապատիվ քաղաքացիներ:
Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենն իր խոսքում շեշտել է, որ Հայոց ցեղասպանության ոգեկոչումը մշտապես շատ կարևոր է եղել մարսելահայության համար: 2015թ. հայտարարված է Հայաստանի տարի Մարսելում, և ամբողջ տարվա ընթացքում կայանալու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչող բազմաթիվ միջոցառումներ: Նա կարևորել է, որ Ֆրանսիան պետք է ընդունի օրենք, որը թույլ կտա պատժել ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը:
Ֆրանսիական «France 24» հեռուստաալիքը լուսաբանել է ցուցահանդեսի բացումը, իսկ «La Provence» օրաթերթի հաջորդ օրվա համարում «Ցեղասպանությունից փրկված 100 դիմանկարները պատմում են հայկական աքսորի մասին» վերնագրով լայնածավալ հոդված է տպագրվել:
Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 26-ը: