Մարտի 24-ին Ֆրանսիայի հարավում Airbus A-320 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են օպերային երգիչ Օլեգ Բրիժակը և երգչուհի Մարի Ռադները, հայտնում է lenta.ru-ն:
Այն մասին, որ Բրիժակը եղել է կործանված ինքնաթիռում, ասվում է գերմանական Դյուսելդորֆում օպերային թատրոնի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, որտեղ աշխատել է Բրիժակը: «Մեծ ցավով և վշտով Ռեյնում Գերմանական օպերայի աշխատակիցներն իմացել են, որ Germanwings-ի ավիաաղետի զոհերի մեջ եղել է նրանց գործընկեր Օլեգ Բրիժակը: Բրիժակը վերադառնալիս է եղել Բարսելոնի Լիսեու օպերային թատրոնում հյուրախաղերից, որտեղ նա կատարել է Ալբերիխի պարտիան Վագների «Զիգֆրիդ» օպերայում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Թատրոնի աշխատակազմը ցավակցություն է հայտնել երգչի հարազատներին ու մտերիմներին: «Մենք կորցրինք մեծ արտիստի և մեծ մարդու: Մենք ապշած ենք»,- նշել են Գերմանական օպերայում:
Մարի Ռադների մահվան մասին, որը Բրիժակի հետ պարտիա է կատարել Վագների օպերայում, հայտնել են Լիսեու օպերային թատրոնում: Ռադների հետ ինքնաթիռում են եղել նրա ամուսինը և երեխան: Բարսելոնի թատրոնի շենքի վրայի դրոշները խոնարհվել են:
Օլեգ Բրիժակը ծնվել է 1960 թ. Ղազախստանում, 1984 թ. ավարտել է Ալմաթիի կոնսերվատորիան, 1986-1989 թթ. երգել է Չելյաբինսկի և Լվովի օպերային թատրոններում: 1989-1991 թթ. եղել է Սանկտ Պետերբուրգի Գլինկայի Կապելլայի մենակատար: Ռեյնի Գերմանական օպերայում աշխատել է 1996 թվականից:
Ծնունդով Դյուսելդորֆից Մարի Ռադները ելույթ է ունեցել այնպիսի հայտնի բեմերում, ինչպիսիք են՝ «Մետրոպոլիտեն-օպերան», «Լա Սկալան», Բուենոս Այրեսի «Կոլոն» թատրոնը:
Հիշեցնենք, որ Բարսելոնից Դյուսերդորֆ թռչող Germanwings ավիաընկերության մարդատար A320 ինքնաթիռը մարտի 24-ին կործանվել է Ֆրանսիայի հարավում: Ինքնաթիռում 150 մարդ է եղել: Բոլորը զոհվել են: Ուղևորների մեջ եղել է Գերմանիայի 67 քաղաքացի, 45՝ Իսպանիայի, Թուրքիայի 1 քաղաքացի: ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ ինքնաթիռում եղել են նաև 2 արգենտինացի, ԱՄՆ-ի քաղաքացի, կոլումբացի, մեքսիկացի, բելգիացի և մարոկկացի:
Փրկարարներն աղետի վայրում գտել են ինքնաթիռի սև արկղերից մեկը: