Այսօր Գյումրի այցելած ՕԵԿ առաջնորդ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը նախագահի թեկնածու, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի քարոզարշավն իրականացնելիս ծավալուն ելույթով է հանդես եկել՝ անդրադառնալով իր ղեկավարած կուսակցության անցած ճանապարհին, «ապահով Հայաստան» գնալու ուղիներին և իր հասցեին մինչ օրս հնչող տարաբնույթ քննադատություններին: Ներկայացնում ենք Արթուր Բաղդասարյանի ելույթն ամբողջությամբ:
-Ես պիտի ասեմ, որ ՕԵԿ-ում գտնվողներն այն մարդիկ էին, ովքեր մնացին, պայքարեցին, և էն քանիսը, որ հեռացան նաև ոչ կամովին, և 2007թվականին կուսակցությունը մասնակցեց խորհրդարանական ընտրություններին, և մենք հայտնվեցինք ԱԺ-ում: 2008 թվականին ես՝ որպես նախագահի թեկնածու, մասնակցեցի և հավաքեցի այնքան քվեներ, ինչքան Լևոն Տեր-Պետրոսյանն իր 30 կուսակցությունների հետ միասին, և երկրում ստեղծված այդ բարդագույն իրավիճակի արդյունքում մենք կազմեցինք քաղաքական կոալիցիա, որի արդյունքում վերջին 5 տարիների ընթացքում շատ քիչ լուտանք չթափվեց ՕԵԿ հասցեին. եղան մարդիկ, ովքեր քննադատեցին այդ որոշումը , բայց անցած տարվա խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ մենք կարողացանք նաև այդ շրջափուլը հաղթահարել:
2008 թվականի նախագահի ընտրությունների ժամանակ Հայաստանի երկրորդ քաղաքում մեծ ձայներ հավաքած Արթուր Բաղդասարյանը մոտ մեկ ժամ դահլիճում ներկա գտնվողներին փորձում էր բացատրել ու այն ժամանակ իր օգտին «քվեարկած գյումրեցուն» համոզել, որ խելամիտ որոշում է կայացրել , հակառակ դեպքում՝ հետևանքներն անդառնալի կլինեին:
-Երեկ ԱՄՆ-ում Քերին, որը ԱՄՆ-ում նախագահի թեկնածու էր, Օբամայի այս վերընտրությամբ դարձավ ԱՄՆ պետական քարտուղար: Երբ որ ես ընտրություններից հետո կազմեցի քաղաքական կոալիցիա, մարդիկ սկսեցին քննադատել, թե Ա. Բաղդասարյանը պաշտոնի համար գնաց միացավ Սերժ Սարգսյանին: Նպատակը ոչ թե պաշտոնն էր, այլ իսկապես այն մոտեցումներն էր, որի շուրջ մենք ունեինք տարաձայնություններ, և քաղաքական այդ իրավիճակում մենք ընդունեցինք այդ որոշումը: Իհարկե եղան սնանկ բամբասանքներ, բայց 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին ՕԵԿ-ը հավաքեց թեկուզ և ոչ այնքան քվեներ, ինչքան մենք ակնկալում էինք, բայց հավաքեց պատվով և արժանապատվորեն, և բոլորս էլ գիտենք 5 հազար դրամի ազդեցությունը Հայաստանի քաղաքական գործընթացների վրա, ժողովրդի վրա: Ուզում եմ ասել, որ մենք մեր կայացրած խոհեմ որոշման արդյունքում մեր երկիրը զերծ պահեցինք քաղաքացիական ներքին պատերազմից և արտաքին թշնամու ոտնձգություններից:
Ապա անդրադարձավ հայաստանյան ընդդիմադիր որոշ ուժերի գործունեությանն ու նշեց.
-Տեսեք, իրենց արմատական ընդդիմադիր հռչակած շատ կուսակցություններ նույնիսկ չհամարձակվեցին մասնակցել նախագահական ընտրություններին: Գործողությունները միշտ ավելին արժեն, քան բառերը, և ՕԵԿ-ն իր քաղաքական կենսագրության մեջ ապացուցել է իր սկզբունքայնությունը: Ես 2008 թվականին, Սերժ Սարգսյանի հետ ստորագրելով կոալիցիոն հուշագիրը, հայտարարեցի, որ առաջիկա 10 տարիների ընթացքում մենք կսատարենք նրա թեկնածությունը: Առաջին 5 տարին անցել է, հիմա սկսվել է երկրորդ 5 տարին, և ես դիմում եմ իմ կուսակցության անդամներին՝ հավատարիմ լինել մեր ասած խոսքին, մեր ստորագրած փաստաթղթին: Մենք այն պետք է կյանքի կոչենք:
Այսօր ՕԵԿ-ը վստահ քայլերով պետք է գնա առաջ: Լևոն Տեր-Պետրոսյանը վերջերս հայտարարեց, որ ինքը 68 տարեկան է և ակտիվ քաղաքականության մեջ այլևս իր դերակատարումը չի տեսնում, ես, ուղղակի իր խոսքերը շարունակելով, ուզում եմ ասել, որ դեռ մեր հիմնական քաղաքական ղեկավարությունը՝ սկսած ինձանից, 68 տարեկան չենք, միջինը 40-45 տարեկան ենք, և մենք դեռ ճանապարհ ունենք գնալու:
Վերջում անդրադարձավ Հայաստանում գործող քաղաքական կուսակցությունների և քաղաքական որոշ գործիչների գործունեությանը ու նշեց, թե շատերն անցած տարիների ընթացքում հեղինակազրկվել են, իսկ ՕԵԿ-ը՝ հանրային ու քաղաքական վստահության առումով ապացուցել է իր մրցունակությունը: «Մենք ունենք 170 հազար անդամ, բայց տարանք 90 հազար ձայն: Այո, էկան գրանցվան, այդ թվում և շատերը Գյումրիում, բայց վերջում ինչքա՞ն քվեներ էկան: Պետք է եզրահանգումներ անել և մեր քաղաքական թիմում ներգրավել իսկապես պատրաստված և մտահոգ մարդկանց: Հիմա արգելել ենք, որ ով գա՝ դիմում գրի ու մտնի կուսակցություն, ոչ, արգելել ենք: Քանակը որակ չի կարող ստեղծել»:
Հերմինե Մկրտչյան