Հայաստանի Հանրապետության ներկա և նախկին վարչապետներն այսօր հանդիպում կունենան ՀՀ կառավարությունում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը հայտնեց, որ հանդիպումը տեղի կունենա վարչապետների ակումբի շրջանակում: «Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ վարչապետների ակումբի շրջանակներում առաջին հանդիպումն է լինելու»,- հայտնեց Գոհար Պողոսյանը:

 

Հարցին, թե ովքե՞ր են մասնակցելու հանդիպմանը, Գոհար Պողոսյանը նշեց, որ հրավեր ուղարկվել է բոլորին, իսկ թե ովքեր կմասնակցեն հանդիպմանը լրացուցիչ տեղեկություններ կտրվեն: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը նաև տեղեկացրեց, որ հանդիպումը տեղի կունենա ժամը 18:00-ին:

 

Նորանկախ Հայաստանն անկախության 23 տարիների ընթացքում ունեցել է 13 վարչապետ: ՀՀ վարչապետի պաշտոնը 23 տարիների ընթացքում զբաղեցրել են Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը, Հրանտ Բագրատյանը, Արմեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Դարբինյանը, Վազգեն Սարգսյանը, Արամ Սարգսյանը, Անդրանիկ Մարգարյանը, Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Վազգեն Սարգսյանը եւ Անդրանիկ Մարգարյանը մահացել են: