Բնապահպանները արդյունավետ են համարում Բնապահպանության նախարարի հետ օրերս տեղի ունեցած հանդիպումը գայլերի հարձակումների և դրանց ոչնչացման վերաբերյալ: Այս մասին մարտի 26-ին լրագրողներին տեղեկացրեց բնապահպան Սիլվա Ադամյանը:
Բնապահպանը ուրախությամբ նշեց, որ Բնապահպանության նախարարությունը հավաստիացրել է, որ ներկա պահին գայլերի խնդրի վերաբերյալ այլ ճանապարհներ է փնտրում:
«Գայլերի հարձակումը հնարավոր կլինի կասեցնել՝ ժամանակավորապես արգելելով գայլերի համար կեր հանդիսացող կենդանատեսակների որսը: Հասկանալի է՝ գայլը գյուղական տնտեսությունների և մարդկանց վրա հարձակվում է զուտ այն պատճառով, որ որ կեր է փնտրում, ինչը չի գտնում անտառում»,- նշեց Սիլվա Ադամյանը՝ խոսելով վերջերս գյուղական համայնքների վրա հաճախակի դարձած գայլերի հարձակումների մասին:
Բնապահպանը նշեց, որ նմանատիպ խնդիր առկա է ողջ աշխարհում, և այն երկրները, որոնք չեն գտել գայլերի հարձակումներից խուսափելու այլ ուղիներ, քան կրակելը, ներկա պահին իրենց անտառներում գայլեր չունեն:
Խոսելով մարտի 24-ին Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի հանդամասում հինգ բնակիչների վրա գայլի հարձակման մասին' Սիլվա Ադամյանը նշեց, որ փաստը բավականին զարմացրել է իրեն: Խնդիրն այն է, որ գայլերի հարձակումները հիմնականում տեղի են ունենում Լոռվա մարզում, որտեղ անտառների հաշվին զարգանում է հանքարդյունաբերությունը, ինչպես նաև Տավուշի ու Գեղարքունիքի մարզերում: