ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասված է.

 

«Հարգելի թատերական գործիչներ, թատերական արվեստի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Թատրոնի միջազգային օրվա առթիվ:

 

Ձեր աշխատանքով եւ արվեստով դուք անտեսանելի եք դարձնում իրական եւ բեմական աշխարհի սահմանագիծը՝ հանդիսատեսին տեղափոխելով մի տարածք, որտեղ կյանքն այնպիսին է, ինչպիսին կա, ինչպիսին ցանկալի է, որ լինի, ինչպիսին պետք չէ, որ լինի:

 

Հայկական թատերարվեստի՝ աշխարհում հնագույններից մեկի հիմնավոր ավանդույթները զարգացնելով՝ դուք արժանապատվորեն շարունակում եք իսկական արվեստագետին վայել գործունեություն ծավալել ի հեճուկս ժամանակի մարտահրավերների՝ հարստացնելով մշակույթը, տարաժամանակյա չընդհատվող երկխոսության մեջ լինելով դահլիճում ներկա հանդիսատեսի եւ, միաժամանակ, երկրի քաղաքացու հետ:

 

Թող որ լավատեսությունը, ստեղծագործական եռանդն ու ոգեւորության ավյունը մշտապես լինեն ձեզ հետ՝ մղելով բեմական նոր նվաճումների եւ բերելով նոր հաջողություններ: Մաղթում եմ ձեզ առողջություն, բարեկեցություն եւ ամենայն բարիք»: