Թուրքիայի խորհրդարանի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Անսար Օյութը խորհրդարանի ամբիոնից խոսել է ոչխարի եփած գլուխը ձեռքին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Արդահանից ընտրված պատգամավորը այդ կերպ փորձել է բողոքել արտասահմանից Թուրքիա ներկրվող ոչխարի մսի դեմ' նշելով, որ արտասահմանում ոչխարներին կերակրում են խոզերի համար նախատեսված մթերքով, ինչը թուրքերի համար անընդունելի է:

 

«Արտասահմանից բերված անասունների մեծ մասը սնվում է խոզերի համար նախատեսված մթերքով: Արդյունքում, մեզ խոզի միս են հրամցնում», -բողոքել է նա եւ կոչ արել արգելել արտասահմանից միս ներկրել Թուրքիա: