Հայաստանը կդառնա արյան համակարգի հիվանդությունների ժամանակ ցողունային բջիջների փոխպատվաստման կենտրոն ունեցող առաջին երկիրը տարածաշրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին նշվեց Հայկական և եվրոպական արյունաբանական ասոցիացիաների համատեղ կազմակերպած արյան ուռուցքային հիվանդությունների ախտորոշման, կանխատեսման և կառավարման թեմայով դասընթացի ժամանակ, որն անցկացվում է մարտի 27-29-ը Երևանում: Կրթական սեմինարին մասնակցում են մոտ 70 մասնագետներ, որոնցից 40-ը աշխարհի տարբեր երկրներից'Իտալիա, Իրան, Շվեյցարիա, Իռլանդիա, Իսպանիա և այլն:

 

Նշվեց նաև, որ 2016 թվականին Հայաստանում կվերաբացվի ամբողջովին վերազինված և վերակառուցված Արյունաբանական կենտրոնը, ուր կլինեն բարձր դեղաչափային քիմիաթերապիայի բաժանմունքը և տարածաշրջանում առաջին ցողունային բջիջների փոխպատվաստման կենտրոնը:

 

«Հայաստանը դեռ չունի մոլեկուլային կենսաբանության լաբորատորիա, ինչը շատ կարևոր է, քանզի շատ ախտորոշումներ հնարավոր է կատարել մոլեկուլային թեստավորման միջոցով: Սակայն արդեն տեղեկացել ենք, որ նախատեսում են նման լաբորատորիա ստեղծել: Ես առաջին անգամ եմ Հայաստանում, և այս դասընթացի ընթացքում մենք փորձում ենք ծանոթանալ Հայաստանում տիրող իրադրությանը: Հնարավոր է, որ սա այն ոլորտներից է, որ դեռ պետք է զարգացնել Հայաստանում»,- ասաց Իտալիան ներկայացնող մասնագետ Ռոբին Ֆոան:

 

Իտալացի մասնագետի գնահատմամբ' աշխարհում գնալով մեծանում է արյան համակարգի հիվանդացությունների թիվը, որը պայմանավորված է ինչպես կյանքի միջին տևողության բարձրացմամբ, այնպես էլ այն, որ մենք սկսել ենք հաճախակի արյան լաբորատոր անալիզներ կատարել, որն ինքնստինքյան պայմաններ է ստեղծում հիվանդության վարակելիության բարձրացման համար: Դրան զուգահեռ, մեծ զարգացում է ապրում հեմատոլոգիայի բնագավառը' թե դիագնոստիկայի, թե բուժական պրեպարատների ասպարեզում: Հատուկ մասնագիտացված լաբորատորիաները, նորագույն տեխնոլոգիաները, խիստ վերապատրաստված բուժանձնակազմն էլ իրենց հերթին մեծ ծախսեր են պահանջում:

 

«Արմենպրես»-ի հարցին' արդյոք միջազգային պրակտիկայում ֆինանսավորման մեխանիզմներ կա՞ն, որոնց շնորհիվ Հայաստանի նման զարգացող երկրները կկարողանան ձեռք բերել այդ նորագույն թանկարժեք տեխնոլոգիաները և դեղորայքը, Ֆոան ասաց. «Սա շատ բարդ խնդիր է, որը բազմիցս բարձրացվել է, նաև' այս սեմինարի ընթացքում: Մենք հաճախ ենք խոսում կայունության և բուժական պրեպարատների հասանելիության մասին: Նոր դեղամիջոցները շատ թանկ արժեն և հասանելի չեն բոլորին: Արդյունքում ստեղծվում են համանման դեղամիջոցներ, որոնք ավելի մատչելի են, սակայն օրիգինալը չեն:&nbs p; Հնդկաստանը հատկապես առաջատար դեր ունի այս ոլորտում: Այն երկրներում, ուր կառավարությունը հնարավորություն չունի գնելու օրիգինալ պրեպարատները, նման դեղամիջոցները մեծ տարածում են ձեռք բերում: Առանձին հիմնադրամներ որոշ երկրներում կարող են օգնել, սակայն համընդհանուր լուծում չէ»: Ռոբին Ֆոայի գնահատամամբ' խնդիրը պետք է լուծում ստանա քաղաքական մակարդակում:

 

Արյունաբանության զարգացման համաշխարհային կարևորագույն կառույցներից մեկը հանդիսացող Եվրոպայի արյունաբանների ասոցիացիան վերջին 10 տարիներին կազմակերպել է բազմաթիվ նմանատիպ միջոցառումներ: Նախաձեռնության շնորհիվ մեր տարածաշրջանի մասնագետները կտեղեկանան արյունաբանության տարբեր հիմնահարցերին վերաբերող ժամանակակից մոտ եցումներին, արյունաբանական մի շարք հիվանդությունների բուժման նորագույն մոտեցումներին և պրակտիկայից վերցրած իրական դեպքերի: Դասախոսությունների ուշադրության կենտրոնում էր հատկապես արյան համակարգի հիվանդությունների ժամանակ ցողունային բջիջների փոխպատվաստումը: