Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը պատասխանեց այն հարցին, թե արդյոք նախատեսո՞ւմ են մտնել կոալիցիա. «Մենք ասել ենք, ասում ենք և շարունակում ենք ասել, որ ՀՅԴ-ն գաղափարական հենքի վրա կուսակցություն է և չի կարող մի ալյանսի մեջ լինել՝ լինի դա կոալիցիա, միություն և այլն, որտեղ իր գաղափարական սկզբունքները չեն հարգվում»:
Պատգամավորը նկատեց, որ այսօր իրենց կողմից հնչեցված հայտնի 7 կետերը որոշակի զարգացում են ապրում և այդ 7 կետով է պայմանավորված՝ «Դաշնակցությունը» կլինի այստե՞ղ, թե՞ այնտեղ:
«Հիմա սկսել է առաջանալ մի իրավիճակ, որ այդ 7 կետերի կատարման հետ կապված առաջընթաց է արձանագրվում: Մենք շատ ուրախ ենք դրա համար, և երևի դա է առաջացնում ոմանց ցանկությունը՝ «Դաշնակցությանը» տեսնել կոալիցիայի մեջ»,- ասաց Ռուստամյանը:
Չնայած արձանագրված առաջընթացին՝ ընդդիմադիր պատգամավորը նկատեց նաև, որ կան արված քայլեր, որոնք ՀՅԴ-ին չի բավարարում և օրինակ բերեց վերջերս ստեղծված հակակոռուպցիոն մարմնին: