Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը մասնակցել է «Երևան քաղաքում փողոցային էներգաարդյունավետ լուսադիոդային լուսավորության համակարգ»-ի ցուցադրական նախագծի շնորհանդեսին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակում կյանքի կոչված այս նախաձեռնության շնորհանդեսին ներկա են գտնվել ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն:
Մայրաքաղաքի կենտրոնն օդանավակայանին միացնող Իսակովի պողոտայից մինչև Թաիրովի փողոցի ճանապարհահատվածում տեղադրվել են շուրջ 500 էներգաարդյունավետ լուսադիոդային լուսատուներ, որոնք ապահովում են ճանապարհային մակերեսի ժամանակակից պահանջներին համապատասխանող լուսավորություն: «Քաղաքային կանաչ լուսավորություն»-ը քառամյա ծրագրի պիլոտային նախագիծն էր, որն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ու Գլոբալ էկոլոգիական ֆոնդի համատեղ ջանքերով' ՀՀ բնապահպանության նախարարության համակարգմամբ:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն է հայտնել ՀՀ բնապահպանության նախարարությանը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին արդյունավետ համագործակցության և Երևան քաղաքը նշված ծրագրում ընդգրկելու համար' նշելով, որ «Երևան քաղաքը, հանդիսանալով հանրապետության մասշտաբով քաղաքային լուսավորության ամենախոշոր սպառողը, ավելի մեծ պատասխանատվություն է կրում թե՛ ռեսուրսների արդյունավետ կառավարման, թե՛ արտանետումների կրճատման առումով։
Երևանը միացել է «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը և կամավոր պարտավորություն է ստանձնել իր լիազորությունների և ազդեցության շրջանակներում մինչև 2020թ. առնվազն 20 տոկոսով կրճատել ածխածնի երկօքսիդի արտանետումների ծավալը: Կամո Արեյանը տեղեկացրել է, որ ՄԱԶԾ-ի հետ համագործակցության հաջորդ ծրագիրը կիրականացվի Երևանի կենդանաբանական այգում, ուր ամբողջությամբ կվերազինվի արտաքին լուսավորության համակարգը:
Այդ նպատակով Երևանի քաղաքապետարանը կանցկացնի ստորգետնյա մալուխագծեր և կտեղադրի հենասյուներ: Քաղաքապետի առաջին տեղակալը նաև անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տարիների համագործակցությանը՝ հատկանշելով, որ համատեղ բազմաթիվ ծրագրերն անչափ կարևոր են եղել: Նոր համակարգի տեղադրումն ապահովում է էլեկտրաէներգիայի մոտ 63 տոկոս խնայողություն, ինչը տարեկան կտրվածքով թույլ կտա խնայել մոտ 45 հազար ԱՄՆ դոլար և կրճատել ածխածնի երկօքսիդի արտանետումները 220 տոննայով:
Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ մեկնարկած բնապահպանական միջոցառումը տեղական ինքնակառավարման մարմինների հետ հեռանկարային համագործակցության արդյունք է և բնապահպանական խնդիրների լուծման տեսակետից հետագա համագործակցության լավ հնարավորություն է ընձեռում:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն շնորհավորել է ներկաներին պիլոտային ծրագրի ավարտի կապակցությամբ և նշել, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակը կարևորում է էներգաարդյունավետության բարձրացման և վերականգնվող էներգիայի կիրառման ուղղությամբ Հայաստանում ներդրվող ջանքերը' երկրի հետագա էներգետիկ անվտանգության տեսանկյունից: