Հայաստանի ողջ տարածքում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանի անկում կդիտվի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Այսօր միջերկրական ծովի շրջաններից մեզ է մոտենում ցիկլոնային դաշտ, երեկոյան ժամերին տեղումներն արդեն կսկսվեն: Վաղը սպասվում են կարճատև տեղումներ: Մարտի 30-ին ցիկլոնը հզորանալու է, և երկրի ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են ինտենսիվ հորդառատ տեղումներ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Գագիկ Սուրենյանը: Նրա տեղեկացմամբ' Լոռիում, Տավուշում, Սյունիքի նախալեռնային հատվածներում տեղումները կլինեն ձյան տեսքով, Արարատյան դաշտում' անձրևի: «Կդիտվեն ամպրոպներ, որոշ շրջաններում կտեղա կարկուտ, կդիտվի քամու ուժգնացում: Այդ օրը ջերմաստիճանը կտրուկ կնվազի Տավուշում, Լոռիում, Արցախում: Հանրապետությունում մարտի 30-ի ցերեկը ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, իսկ Տավուշում, Լոռիում, Սյունիքում' 12-15 աստիճանով: Ջերմաստիճանի ա նկումից հետո այդ շրջաններում ցերեկային ժամերին 0-5 աստիճան տաքություն կդիտվի»,-նշեց օդերևութաբանը: Նրա խոսքով' տեղումները կշարունակվեն ապրիլի 1, 2, 3-ին, բայց ոչ այն ուժգնությամբ, ինչ մարտի վերջին:
Գագիկ Սուրենյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում ցրտահարություն չի սպասվում: «Գիշերային ժամերին մենք 4 աստիճանից ցածր ջերմաստիճան չենք սպասում: Արարատյան դաշտի ողջ տարածքում ցրտահարության ռիսկեր չունենք, բայց ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, ցրտահարության վտանգը պահպանվում է մինչև ապրիլի 20-ը»,-հայտնեց բանախոսը:
Գագիկ Սուրենյանի տեղեկացմամբ' ջերմաստիճանի նկատելի բարձրացում կդիտվի ապրիլի 12-13-ից հետո: