ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը մարտի 30-ին ժամանել է Իրաք՝ հանդիպելու իրաքցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Պան Կի Մունը մեկնել է Բաղդադ եգիպտական Շարմ ալ Շեյխ քաղաքից, որտեղ մասնակցել էր Արաբական երկրների լիգայի 26-րդ գագաթնաժողովին: Նախօրեին Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադիի գրասենյակը հայտարարել էր, որ Պան Կի Մունը ալ Աբադիի և այլ պաշտոնյաների հետ Բաղդադում կքննարկի Իրաքում և տարածաշրջանում անվտանգության զարգացումները:

 

Վարչապետի մամուլի խոսնակ Սաադ ալ Կադիսին նշել է, որ կուսումնասիրվեն ՄԱԿ-ի և միջազգային հանրության կողմից Իրաքի կառավարությանը աջակցություն ցուցաբերելու ուղիները, որպեսզի ամրապնդվեն ազգային միասնականության և միջկրոնական ու ահաբեկչության դեմ պայքարում ներդրված ջանքերը:

 

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենն ավելի վաղ ողջունել է Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբդաիի գլխավորությամբ «Իսլամական պետության» դեմ Թիքրիթում ուղղված գործողությունները: Նա բարձր է գնահատել իրաքյան ուժերի գործողությունները՝ հաստատելով, որ ԱՄՆ-ը կօժանդակի Իրաքին:

 

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրի մոջահեդներ: