ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և Լատվիայի առողջապահության նախարար Գունտիս Բելևիչի' Ռիգայում կայացած հանդիպման ժամանակ կողմերը ներկայացրել են երկու երկրի առողջապահական համակարգերի ձեռքբերումներն ու խնդիրները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, քննարկվել են համագործակցության ծրագրերը, այդ թվում՝ միջգերատեսչական փաստաթուղթ ստորագրելու հնարավորությունը:

 

ՀՀ առողջապահության նախարարը հանդիպել է նաև Լատվիայի բժիշկների ասոցիացիայի նախագահ Պետերիս Ապինիսի հետ: Մասնագիտական այս կառույցը զբաղվում է բժիշկների լիցենզավորման և որակավորման հարցերով։

 

Արմեն Մուրադյանն աշխատանքային հանդիպում է ունեցել նաև Լիտվայի առողջապահության նախարար Ռիմանտե Շալաշավիչյուտեի հետ։ Նա առաջարկել է Լատվիայի և Լիտվայի նախարարներին համատեղ այցելել Հայաստան։

 

Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առողջապահության ֆինանսավորման մեխանիզմներին, դեղերի շրջանառությանը, գնագոյացման կարգավորմանը, ներհիվանդանոցային վարակների դեմ պայքարին, առողջապահության տեսչական աշխատանքներին: