Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ մարտի 31-ին Երևանի «Մոսկվայի տուն» մշակութային և գործարար կենտրոնում մեկնարկեց Հայրենական մեծ պատերազմի վետերաններին նյութական օժանդակություն ցուցաբերելու ծրագիրը, որի շրջանակներում Երևանում բնակվող բոլոր վետերաններին տրամադրվելու է 21 հազար ՀՀ դրամ գումար:

 

Երևանում «Մոսկվայի տան» գլխավոր տնօրեն Արմինե Թութունջյանը նշեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանները մշտապես գտնվում են Մոսկվայի կառավարության և «Մոսկվայի տան» ուշադրության կենտրոնում: «Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը բոլորիս հաղթանակն է, և մեր սիրելի վետերանները, որոնք անգնահատելի ներդրում են ունեցել ֆաշիզմի դեմ պայքարում, պետք է զգան մեր աջակցությունը և գիտենան, որ իրենց սխրագործությունները չեն մոռացվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' լրագրողների հետ զրույցո ւմ նշեց նա:

 

Ըստ «Մոսկվայի տանը» ՀՀ զինված ուժերի և Հայրենական մեծ պատերազմի վետերանների կոմիտեից տրամադրած տեղեկատվության' ներկա պահին Երևանում բնակվում է Հայրենական մեծ պատերազմի 465 մասնակից (ներկա պահին Հայաստանում ապրում է մոտ 1100 վետերան): Վերը նշված ծրագրի իրականացման համար Մոսկվայի կառավարությունը և Արտաքին տնտեսական ու միջազգային կապերի դեպարտամենտը հատկացրել են մոտ 10 միլիոն ՀՀ դրամ գումար:

 

Ստորև ներկայացնում ենք Երևանի տարբեր համայնքներում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրվելիք ֆինանսական աջակցության ժամանակացույցը: Արաբկիր համայնք' մարտ 31-ին և ապրիլի 1-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ' ապրիլի 2-ին և 3-ին, Ավան և Նոր-Նորք' ապրիլի 6-ին և 7-ին, Շենգավիթ, Էրեբունի և Նուբարաշեն' ապրիլի 8-ին և 9-, Աջափնյակ և Դավթաշեն' ապրիլի 10-ին և 13-ին, Քանաքեռ-Զեյթուն և Մալաթիա-Սեբաստիա' ապրիլի 14-ին և 15-ին:

 

Հայրենական մեծ պատերազմի վետերանները իրենց հասանելիք գումարները կարող են ստանալ Երևանի «Մոսկվայի տուն» մշակութային և գործարար կենտրոնում: