Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում ՀՀ կառավարության որոշմամբ Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունը կվերանվանվի մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատության:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ 2015-2016 թթ. ընթացքում ստեղծվող խնամքի հաստատություն կտեղափոխվեն Խարբերդի մասնագիտացված մանկատան 18 տարին լրացած 180 սաները' համապատասխան թվով աշխատակազմի հետ: Նույն չափով կնվազեցվի Խարբերդի մասնագիտացված մանկատանը խնամվողների և աշխատողների թիվը:

 

Միաժամանակ աշխատանքներ են տարվելու գիշերօթիկ հաստատությունում ներկա դրությամբ բնակվող երեխաների ընտանիքների հետ, ինչպես նաև կատարվելու է երեխաների կարիքների գնահատում, արդյունքում' երեխաների գնահատված կարիքներին համապատասխան նրանք կտեղավորվեն այլ հաստատություններում կամ կվերադառնան իրենց կենսաբանական ընտանիքներ:

 

Խարբերդի մասնագիտացված մանկատնից չափահաս դարձած սաների տեղափոխությունը ևս կիրականացվի նրանց կարիքների գնահատման և ընտանիքների ուսումնասիրության հիման վրա:

 

Ստեղծվող Խնամքի հաստատությունում խնամվողները ապահովվելու են կացարանով, անկողնային և անձնական սպիտակեղենով, հագուստով, կոշկեղենով, օրը երեքանգամյա սննդով, համապատասխան տնտեսական և հիգիենիկ պարագաներով, էրգոթերապիայի /աշխատանքային թերապիա/ և արտթերապիայի /արվեստի թերապիա/ համար անհրաժեշտ պարագաներով և նյութերով, ինչպես նաև կենսապահովման համար անհրաժեշտ գույքով և սարքավորումներով: Համապատասխան մասնագետների միջոցով նրանց կտրամադրվեն բժշկական օգնության և սպասարկման, սոցիալ-հոգեբանական և իրավաբանական խորհրդատվության ծառայություններ: Խնամվողները կկարողանան ազատ հանդիպել իրենց հարազատների և ընկերների հետ: Նրանց համար կկազմակերպվեն բազմաբնույթ միջոցառումներ: Խնամքի տանը կլինի նաև սոցիալական սպասարկողի և մասնագիտացված բուժքրոջ շուրջօրյա հերթապահություն: