Քսանութ երկրների մասնակիցներ փոստով իրենց հարյուր աշխատանքներն են ուղարկել Հայաստան՝ փոստային արվեստի (mail-art) միջազգային' «Արվեստը հանուն խաղաղության» ցուցահանդեսին մասնակցելու համար: Միջոցառումը մեկնարկեց ապրիլի 3-ին ՀՀ նկարիչների միությունում: Մասնակից նկարիչներն իրենց գործերում արտացոլում էին իրենց բացասական վերաբերմունքը պատերազմի, հակամարտությունների ու բռնությունների նկատմամբ, և իրենց արվեստով քարոզում էին խաղաղություն և մարդասիրություն:

 

 

Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նշեց, որ մեր երկրում առաջին անգամ է նման ցուցահանդես կազմակերպվում:

«Փոստային արվեստն աշխարհում բավականին հայտնի երևույթ է: Սա արվեստի տեսակ է, որը փոստով է ուղարկվում: Արվեստաբան Լիլիթ Ստեփանյանն իր ջանքերն է ներդրել այս ցուցահանդեսի կազմակերպման գործում: Շնորհակալ եմ, որ կարողացավ նման ցուցահանդես բացել Երևանում: Նկարները նայեցի, շատ տարբեր որակի և մակարդակի գործեր կան»,- «Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ նշեց Կարեն Աղամյանը:

 

 

Ցուցահանդեսի կազմակերպիչ Լիլիթ Ստեփանյանն ընդգծեց, որ միջոցառումը ցանկանում էին կազմակերպել դեռևս փետրվարին:

 

 

«Փոստային արվեստը շարժում է, երբ աշխատանքներն ուղարկվում են փոստային ծառայությունների միջոցով: Այն զարգացել է 1950-60-ական թթ. ԱՄՆ-ում, և առաջինն, ով նման նախագիծ է արել, Ռեյ Ջոնսոնն է եղել: Հայաստանում դեռևս նման բան չի կազմակերպվել: Ցուցադրել ենք այն բոլոր աշխատանքները, որոնք ստացել ենք՝ առանց խտրականության: Արվեստագետներն իրենց աշխատանքներով փորձել են իրենց բացասական վերաբերմունքն արտահայտել պատերազմի, բռնությունների և հակամարտությունների նկատմամբ: Արվեստագետները շատ մեծ խանդավառությամբ են մասնակցել իրադարձությանը»,- նշեց նա: Լիլիթ Ստեփանյանի խոսքով' չի բացառվում, որ նկարները ներկայացվեն նաև մարզերում:

 

 

Mail-art ցուցահանդեսի մասնակիցներն են Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան, Եգիպտոսը, Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրիան, Հունգարիան, Ռումինիան, Բուլղարիան, Իտալիան, Անգլիան, Ուելսը, Էստոնիան, Սլովակիան, Եթովպիան, Բրազիլիան, Ճապոնիան, Հոնգկոնգը, Բանգլադեշը, ԱՄՆ-ը, Մակեդոնիան, Կորեան, Մարոկոն, Լեհաստանը, Ուկրանիան, Իրանը, Նեպալը:

 

 

Ցուցահանդեսին զուգորդեց նաև վարպետության դասընթացը, որին մասնակցեցին նաև այցելուները: Ցուցահանդեսը կտևի մինչև ապրիլի 8-ը: