Ներքին անվտանգության մասին Թուրքիայում ընդունված նոր օրենքով, որն ուժի մեջ է մտել ապրիլի 4-ից' հրապարակվելով պաշտոնական Resmi Gazete թերթում, ոստիկանությանը թույլատրվում է զենք օգտագործել ցուցարարների դեմ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օրենքը թուրքական կառավարության նախաձեռնությամբ մշակվել եւ ընդունվել է 2014 թվականի հոկտեմբերի սկզբին Թուրքիայում քուրդ բնակչության զանգվածային բողոքի ակցիաներից հետո: Նոր օրենքով ոստիկանությունն ավելի լայն լիազորություններ է ստացել փողոցային անկարգությունների դեպքերում, իսկ մասնակիցներն օրենքի առաջ ավելի լուրջ պատասխանատվության են ենթարկվելու:
Մասնավորապես, օրենքով մինչեւ 5 տարի ազատազրկման պատիժ է նախատեսվում այն ցուցարարների համար, ովքեր ակցիաների ժամանակ մասնակիորեն կամ ամբողջությամբ փակում են դեմքերը: Ցուցարարների կողմից դյուրավառ հեղուկով շշերի, հրավառելիքների, երկաթե գնդերի եւ նման այլ սաքավորումների օգտագործումը հավասարեցվում է զենքին, եւ ոստիկանությունը այժմ կարող է զենք կիրառել դրանք օգտագործող անձանց դեմ:
Ոստիկանությունն իրավունք է ստանում անօրինական չարտոնված հանրահավաքները եւ ցույցերը ցրելու համար ներկված ջրով ջրանետներ օգտագործել, ինչպես նաեւ անկարգություններում կասկածվողներին ձերբակալել 48 ժամով, նախկինում գործող 24 ժամվա փոխարեն: Անձնական զննության, ավտոմեքենաների եւ տների խուզարկության համար բավարար է իրավապահ մարմինների գրավոր, իսկ շտապ դեպքերում' նաեւ բանավոր թույլտվությունները: