Երևանում փողոց անվանակոչվեց Ֆրանսիայի լավագույն կինեմատոգրաֆիստներից մեկի' ազգությամբ հայ, Հայոց ցեղասպանությանը նվիրված «Մայրիկ» ֆիլմի ռեժիսոր Անրի Վերնոյի անունով: «2015 թվական, ապրիլ Անրի Վերնոյի փողոց, Երևան, Հայաստան: Սա անհավատալի է: Ելույթին պատրաստվելիս բազմաթիվ բառեր անցան մտքովս՟ հիշողություն, հպարտություն, հարգանք, կամք և հավերժություն:
Այս բառերը, որ հատուկ արձագանք են ստանում այս տարի, ցանկացա ամփոփել մեկ բառով' շնորհակալություն: ՀԲԸՄ-ի հետ հանդիպմանը մենք նշեցինք, որ հայերի միասնականությունը մեր այբուբենն է, մեր ուժը մեր միասնությունն է: Ես նույնպես կարծում եմ, որ մեր ուժը մեր միությունն է, և այսօրվա իրադարձությունը այդ միության լավ ամփոփումն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' փողոցի անվանակոչման հանդիսավոր արարողությանը նշեց արվեստագետի որդին' Պատրիկ Մալաքյանը: Նրա հետ բեմում կանգնած էին քույրը և Վերնո յի երկու թոռները:
Պատրիկ Մալաքյանը հավելեց, որ մի քանի անգամ փորձ է կատարվել Անրի Վենոյի անունով փողոց անվանակոչել Երևանում, և այսօր վերջապես Երևանի քաղաքապետի շնորհիվ դա իրականություն դարձավ: Նրա խոսքով՟ փողոցի անվակոչումը և հուշաքարի բացումն ապրիլին իրականացնելու որոշումը հատուկ խորհուրդ ունի, և դա պատահական չէ:
Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն իր խոսքում ընդգծեց, որ Անրի Վերնոյը հայ ժողովրդի հետեղեռնյա վերածննդի մեջ մեծ ներդրում ունեցած անհատներից է, ինչով էլ արդարացիորեն հիմնավորվում է այս փողոցի անվանակոչումը: «Այսօր Երևանի քաղաքապետի առաջարկությամբ և ավագանու որոշմամբ' առիթ ունենք մասնակցելու Երևանի Կենտրոն վարչական շրջանում Ամիրյան փողոցը Գլխավոր պողոտային միացնող այս գողտրիկ փողոցի բացման և անվակակոչման արարողությանը:
Մեր երկրում շատ գործիչներ կան, ովքեր իրենց գործունեությամբ մեծ ավանդ են ունեցել սփյուռքի և Հայաստանի ժողովրդի հետեղեռնյա վերածննդի գործում: Անրի Վերնոյն այդ մարդկանց լավագույն ներկայացուցիչներից մեկն է մեր ժամանակաշրջանում, ինչով էլ արդարացիորեն հիմնավորվում է այս փողոցի անվանակոչումը նրա անունով' խորհրդաշնելով իր ժամանակակիցների ունեցած համանման ավանդի փաստը»,- ասաց նա:
Վերնոյի անունը կրող փողոցի վրա բացվեց նաև ֆրանսահայ կինոգործչի հուշաքարը: Արարողությանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախաարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ֆրանսիական և հայկական կինոյի մի շարք հայտնի գործիչներ, Անրի Վերնոյի բազմաթիվ ընկերներ ու երկրպագուներ:
Այնուհետև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երկրորդ հարկում տեղի ունեցավ Անրի Վերնոյի անվան կինոսրահի հանդիավոր բացումը, անցկացվեց հայության մեջ մեծ վայելում ունեցող «Մայրիկ» ֆիլմի ռեժիսորին նվիրված հուշ-երեկո: Հանդիսատեսին ներկայացվեցին արվեստագետի կենսագրության դրվագները:
Ապրիլի 2-ին Երևանի կամերային պետական թատրոնում մեկնարկեց «Անրի Վերնոյի օրերը Երևանում» խորագրով միջոցառումներրի շարքը, որը կտևի մինչև ապրիլի 5-ը: Աշխարհահռչակ ռեժիսորի ավանդը և արվեստը գնահատողները մի քանի օր շարունակ հնարավորություն կունենան մասնակցելու անվանի մտավորականին նվիրված միջոցառումներին: Ապրիլի 5-ին էլ «Համազգային» թատրոնում կցուցադրվեն Վերնոյի ֆիլմերը:
Կինոռեժիսոր Անրի Վերնոյը (Աշոտ Մալաքյան) ծնվել է Թուրքիայի Ռոդոսթո քաղաքում 1920թ.-ին: 1924թ. ծնողների հետ տեղափոխվել է Ֆրանսիայի Մարսել քաղաք' միանալով Մեծ եղեռնից մազապուրծ հազարավոր հայ ընտանիքներին: Էքս ան Պրովանսի ֆրանսիական լիցեյն ավարտելուց հետո, անցել է լրագրողական գործունեության: 1945թ.-ին Անրի Վեռնոյ կեղծանունով Հայ Դատի վերաբերյալ հոդվածաշար է հրապարակել «Մարսելյեզ» թերթում: 1947թ.-ից անցել է կինոյի ոլորտ: Նկարահանել է մի շարք կարճամետրաժ ֆիլմեր հռչակավոր կատակերգու Ֆեռնանդելի մասնակցությամբ: 1951թ. ասպարեզ է հանել իր առաջին' «Մեռածների սեղան» լիամետրաժ խաղարկային ֆիլմը, որի շնորհիվ դասվել է Ֆրանսիայի լավագույն կինեմատոգրաֆիստների շարքը:
Հոլիվուդը պայմանագրեր է կնքել նրա հետ: Ժան Գաբենի, Ալեն Դելոնի, Ժան-Պոլ Բելմոնդոյի, Օմար Շարիֆի և այլոց համագործակցությամբ ավելի քան 40 կինոնկար է նկարահանել: 1980թ.-ին այցելել է Հայաստան: 1996թ.-ին արժանացել է «Սեզար» մրցանակի: Կյանքի վերջին տարիներին նկարահանել է «Մայրիկ» և «Պարադի փողոց, թիվ 588» լիամետրաժ ֆիլմերը, որոնցում արտացոլել է իր մանկության և պատանեկության տարիները, հայերի չարչարանքները: Մահացել է Ֆրանսիայի Բանյոլե քաղաքում 2002թ.-ին: