Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Սուրբ Զատկի կապակցությամբ պատգամ է հղել համայն հայ ժողովրդին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և հոգևոր առաջնորդներին: Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթով հայրապետական օրհնությամբ և քրիստոնեական ջերմ սիրով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը ողջունել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգիսյանին և մաղթել արդյունաշատ գ ործունեություն՝ «ի սպաս մեր սիրելի հայրենիքի ու հայրենի ժողովրդի»: Արամ Ա կաթողիկոսը նաև ողջունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին' մաղթելով երկար գահակալություն և եկեղեցաշեն ծառայություն հայ եկեղեցու անդաստանում:

 

Սուրբ Զատկի կապակցությամբ հղված կոչում Մեծի Տանն Կիլիկիո կարթողիկոսն անդրադարձել հայ ժողովրդի պատմության ամենամութ տարիներին' Հայոց ցեղասպանությանը և ևս մեկ անգամ վերահաստատել, որ «ճշմարտությունը հնարավոր չէ գերեզմանել»:

 

Պատգամում մասնավորապես ասվում է. «Քրիստոսի հրաշափառ Հարության խորհրդով ու պատգամով լեցուն այս առավոտ, հայ ժողովրդի դեմ գործադրված Ցեղասպանությունից 100 տարի անց, հրեշտակների բառերով կասենք՝ «ինչո՞ւ ողջ հայ ժողովրդին մեռելների մեջ կփնտրեք. այստեղ չէ, հարույթյուն առավ…»:

 

Քրիստոսի հարության հավատքով հարություն առած հայ ժողովուրդը այս պատգամը կտա'

 

Բոլոր նրանց, ովքեր 100 տարի առաջ 1.5 միլիոն հայի արյուն թափելով՝ կարծեցին կգերեզմանեն հայ ժողովուրդը։

 

Բոլոր նրանց, ովքեր հայ ժողովրդին արմատախիլ անելով իր դարավոր հողերից՝ կարծեցին հայ ժողովուրդի մարդկային իրավունքները մոռացության դատապարտել։

 

Բոլոր նրանց, ովքեր հայ ժողովրդին ջարդելով, տեղահան անելով ու սփյուռքի վերածելով՝ կարծեցին Հայաստանը կջնջեն աշխարհի քարտեզից։

 

Բոլոր նրանց, ովքեր անտեսելով հայ ժողովրդի արդար դատը՝ կարծեցին կջլատեն նրա պահանջատիրական կամքը։

 

Բոլոր նրանց, ովքեր իրենց նյութական լայն միջոցներով ու աշխարհաքաղաքական առավելություններով՝ կարծեցին հեռո՜ւ կպահեն հայ ժողովուրդի արդար դատը միջազգային շրջանակներից։

 

Քրիստոսի հարությամբ զորացած կասենք ու մի՛շտ պիտի ասենք՝

 

Հայ ժողովուրդը հարություն է առել իր ազատ ու անկախ հայրենիքով։

 

Հայ ժողովուրդը հարություն է առել իր կազմակերպ ու հզոր սփյուռքով։

 

Հայ ժողովուրդը հարություն է առել իր բռնաբարված իրավունքների վերատիրացման իր մարտունակ ոգով։

 

Հայ ժողովուրդը հարություն է առել իր ամուր միասնականությամբ։

 

Հայ ժողովուրդը հարություն է առել ազգերի ընտանիքում իր գործուն ներկայությամբ։

 

Թող աշխարհն իմանա, որ

 

100 տարի առաջ մահվան հովտով քայլած հայ ժողովուրդն այսօր քայլում է կյանքի ճանապարհով:

 

100 տարի առաջ ջարդված ու որբացած հայ ժողովուրդը այսօր աշխարհին ներկայանանում է որպես հարուցյա՛լ ժողովուրդ։

 

100 տարի առաջ անարդարության զոհ գնացած հայ ժողովուրդը այսօր արդարությո՛ւն է պահանջում:

 

Հայ ժողովուրդը հավատում է Քրիստոսի թափուր գերեզմանի պատգամին, որ ճշմարտությունը հնարավոր չէ գերեզմանել...»: