ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ: Նախարարի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Սիրելի կանայք,
Պաշտպանական գերատեսչության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ Ապրիլի 7–ի' Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ: Սա ևս մեկ առիթ է վերարժևորելու կանանց անգնահատելի դերակատարությունը Հայաստանի Հանրապետության զարգացմանն ուղղված բոլոր ոլորտներում:
Ազգանպաստ ձեր գործունեությունը չի սահամանափակվում միայն կրթության, տնտեսության, բժշկության, պաշտպանության և բազմաթիվ այլ բնագավառներում գիտելիքների, փորձի և նոր մոտեցումների ներդրումների իրականացմամբ: Դուք' օրվա խորհրդի համաձայն, երջանկություն եք պարգևում ձեր տղամարդկանց' նվիրելով նրանց նոր կյանք, նոր հույս ու հայ ազգի հարատևություն: Մաղթում եմ, որ բազմաթիվ լինեն մայրության բերկրանքն ապրող կանայք, քանզի մայրն է այն ամենանվիրական էակը, ով ամուր է պահում երկրի սյուները:
Դա հրաշալի գիտակցում են բոլոր ուժեղ տղամարդիկ, հատկապես զինծառայողներն, ովքեր մասնագիտանում են առաջին հերթին ընտանիքը պաշտպանելու կարևորագույն գործում: Հենց նրանք են ամենաշատն զգում հայ մայրերի աղոթքների կարիքն ու զորությունը: Եվ սահմանին կանգնած ամեն մի զինվոր գիտե, թե ում համար է այնտեղ կանգնած, գիտե, որ իր մայրն իր համար աղոթք անելիս, պարտադիր աղոթում է նաև իր զինակից ընկերոջ համար, իր հրամանատարի համար և այն ավարտում երկրին խաղաղություն մաղթելով: Այսպես են զինծառայողներն այլևս դառնում բոլոր մայրերի որդիները: Վստահ լինելով, որ բոլորի մայրերն իրենց թիկունքում հավատում են իրենց կատարած գործին, նրանք իրականացնում են աներևակայելի սխրագործություններ:
Ցանկանանում եմ տոնի կապակցությամբ հատուկ շնորհավորել հայոց բանակի բոլոր զինծառայողների կանանց: Դուք անտրտունջ կանգնած եք ձեր ամուսինների կողքին' նրանց հետ միասին կրելով զինվորական ծառայության ամենաբարդ դժվարությունները: Շնորհակալ ենք ձեզ հայոց ամրոցի ներսում խաղաղության ապահովման համար, որի շնորհիվ մենք ոչ միայն ունենք քաջագործությունների գնացող հրամանատարներ, այլև հայրենասիրության բարձր գիտակցումով քաջորդիներ, ովքեր հպարտությամբ են գնում հայրերի գործը շարունակելու:
Խոնարհվում եմ բոլոր այն կանանց առջև, ովքեր ժողովրդի կողմից արժանացան «հերոսի մայր» կոչմանը: Հայրենիքի հանդեպ ձեր սերն ու մարդկային ամենաբարձր արժեքների կրման արտահայտությունը ձեր որդիների սխրանքներն են:
Փառք ձեզ և ձեր հերոս որդիներին:
Թող որ այսուհետ բոլոր լուսաբացերը լինեն արևոտ' ողողված աստվածային սիրով և նոր հրաշալի կյանքի հավատով: Սիրեք և սիրված եղեք ձեզ համար թանկ մարդկանց կողմից: Դարեր շարունակ հայրենիքի պահպանության, ազգային ոգին և հավատքն անսասան պահելու համար դուք արժանի եք երախտիքի անավարտ խոսքերի: Դուք եք այն ուժը, որ կարող է ստիպել հաղթահարել դժվարությունը և կերտել նորանոր հաղթանակներ:
Մաղթում եմ ձեզ անսահման Սեր և խաղաղություն, որն ապահովում են ձեր դաստիարակած մեր բոլորի քաջազունները»: