Բաքվում այսօրվանից դոլարի հերթական խուճապ է սկսվել: Ադրբեջանի մայրաքաղաքում դարձյալ փակվել են տարադրամի բազմաթիվ փոխանակման կետեր: Փոխանակման կետերի տերերը դա բացատրում են Բաքվի բնակչության միջեւ անսպասելի իրարանցումով, որոնք դարձյալ ակտիվորեն ամերիկյան արտարժույթ են սկսել գնել' ամեն գնով փորձելով ազատվել ազգային արժույթից:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ANS PRESS լրատվական գոթրծակալությունը, իրարանցումն սկսվել է այն լուրերից հետո, որ դոլարը թանկանալու է 10 գյափիկով, եւ փոխարժեքը հաստատվելու է մեկ դոլարի դիմաց 1,15 մանաթի մակարդակի վրա:

 

Այդուհանդերձ, այսօր առավոտվանից Բաքվի փոխանակման կետերում մեկ դոլարը 0,2 տոկոսով թանկացել է եւ այժմ այն արժե 1,0517 մանաթ, իսկ եվրոն' 1,1399 մանաթ: Չնայած դրան, փոխանակման կետերում առայժմ հրաժարվում են դոլարի եւ եվրոյի վաճառքից:

 

Ադրբեջանի կենտրոնական բանկի մամուլի ծառայության ղեկավար Նամիկ Ալիեւը հայտարարել է, որ «դոլարի կտրուկ թանկանալու մասին լուրերը որեւէ հիմք չունեն»: Հունվարին դոլարի նկատմամբ մանաթը միանգամից 34 տոկոսով էժանացել էր:

 

Ադրբեջանցի տնտեսագետ փորձագետ Սամիր Ալիեւը գործակալությանը հայտնել է, որ Ադրբեջանում դոլարը կարող է թանկանալ, քանի որ երկրում ամեն բան կախված է նավթի գների մակարդակից, իսկ դրանք գնալով ավելի են նվազում:

 

«Եթե նավթի էժանացման գործընթացը շարունակվի եւ հասնի մեկ բարելի դիմաց 30-40 դոլարի, մանաթի երկրորդ սրընթաց արժեզրկումն անխուսափելի կլինի: Նման դեպքում, մանաթը նվազագույնը 20 տոկոսով կէժանանա: Ընդհանրապես, այսուհետեւ մանաթն անցնելու է «լողացող» փոխարժեքի», -նշել է նա:

 

Ներկայում նավթի համաշխարհային գները տատանվում են մեկ բարելի դիմաց 45-55 դոլարի սահմաններում:

 

Ավելորդ չէ հիշեցնել, որ Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերթքները, իսկ երկրի պետբյուջեն 87 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

 

Ադրբեջանի 1915 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 45 դոլարով ցածր է: