Միջազգային օլիպիական կոմիտեի նախկին նախագահ, ներկայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի' փախստականների շրջանում երիտասարդության և սպորտի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ժակ Ռոգեն կարևոր քայլ է համարել Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերին հայ մարզիկների մասնակցությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ռոգեն ասել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնաժողովի գրասենյակին տված հարցազրույցում:
«Միջազգային օլիմպիական կոմիտեն մշտապես աշխատել է սպորտի միջոցով խաղաղության նախաձեռնությունների վրա: Որպես օրինակ բերեմ առաջին Եվրոպական խաղերը, որոնք անց են կացվելու Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Խաղերի կազմակերպմամբ զբաղվող խմբին հաջողվել է թե’ Հայաստանից, թե’ Ադրբեջանից ատլետներ ներգրավել այդ խաղերին՝ չնայած Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ առկա կոնֆլիկտին: Սա շատ կարևոր ուղերձ է»,- նշել է նա:
Մարտի 10-ին տեղի ունեցած նիստում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն որոշում է կայացրել մասնակցել Բաքվում անցկացվելիք Եվրոպական առաջին խաղերին: Հայաստանն այդ խաղերում ներկայացված կլինի 6 մարզաձևով' բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվանդո, հրաձգություն: Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն Բաքվում 2015 թվականին։ Նման որոշում ընդունվել էր 2012 թվականին Եվրոպական օլիմպիական կոմիտեի նիստում: Այս խաղերի համար նախատիպ են եղել Համաամերիկյան եւ Ասիական խաղերը: Եվրոպական խաղերի ծրագրում կընդգրկվեն 16 օլիմպիական և 4 ոչ օլիմպիական մարզաձևեր: