Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության կողմից առաջադրված հայազգի թեկնածու Սելինա Օզուզուն Դողանը խոստանում է ընտրվելու դեպքում լինել երկրի բոլոր մերժվածների ձայնը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայ թեկնածուն ասել է «Ակոս»-ի հետ զրույցում:

 

 

Դողանը նշել է, որ իրենք անելու շատ բան ունեն և առաջիկայում հանդիպելու են հասարակության տարբեր զանգվածների հետ, լինելու են տարբեր հաստատություններում: «Կան շատ հարցեր, որոնց, սակայն, չպետք է նայել միայն հայերի տեսանկյունից: Ես աշխատելու եմ լինել բոլոր այն խմբերի ձայնը, ովքեր չեն կարողանում իրենց ձայնը լսելի դարձնել: Ամեն բան կանեմ, որպեսզի նրանց ավելի տեսանելի դարձնեմ»,- նշել է Դողանը' կարևոր քայլ համարելով նաև այն, որ իր առաջադրումը ընդդիմադիր կուսակցությունն արել է հենց Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարում:

 

 

Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 7-ին: Երկրի ներսում ընտրություններին կմասնակցեն Թուրքիայի 53 միլիոն 765 հազար 231 քաղաքացի, իսկ արտասահմանից ընտրելու իրավունք կունենան 2 միլիոն 867 հազար 658 մարդ: Հաղթելու ամենամեծ հավակնություններն ունեցող իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԺԿ), ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական (ՀԺԿ) և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական (ԺԴԿ) կուսակցություններն առաջադրել են հայ թեկնածուների, ընդ որում արել են դա Ստամբուլի ընտրատեղամասերում:

 

 

Իշխող ԱԶԿ-ի կողմից առաջադրված թեկնածուն հայտնի պոսլահայ լրագրող, գրող Մարգար Եսայանն է, ով ժամանակին զբաղեցրել է նաև «Թարաֆ» պարբերականի գլխավոր խմբագրի պաշտոնը:

 

 

Քրդամետ ԺԴԿ-ն առաջադրել է Կարապետ (Կարո) Պայլանին, ով Ստամբուլի Յեշիլքյոյ թաղամասում գտնվող հայկական դպրոցի ղեկավարն է և մեծ հեղինակություն է վայելում Պոլսի հայ համայնքում: