Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասումից հետո այլևս նրանց համար հոգեհանգստյան արարողություն չի կատարվելու: Այլ ընդհակառակը՝ կատարվելու է հիշատակի կարգ, որի ժամանակ խնդրելու են նրանց' որպես սրբերի բարեխոսությունը:

 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց Սրբադասման արարողության և ոգեկոչման ապրիլյան միջոցառումների կազմակերպիչ հանձնախմբի նախագահ Տ.Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: «Այս տարի ապրիլի 23-ին սրբադասման արարողությունը միայն Մայր Աթոռում է տեղի ունենալու, և Հայաստանյայց ամբողջ եկեղեցին ի հնարավորինս հավաքվելու է Մայր Աթոռում Սուրբ Էջմիածնում: Հետայսու ապրիլի 24-ին հո գեհանգստյան արարողություն չի կատարվելու, այլ իրականցվելու է հիշատակի կանոն, ինչպես մեր օրացուցային տարբեր սրբերի տոների օրը: Այլևս բոլոր եկեղեցիներում ապրիլի 24-ին կատարվելու է այդ օրվա հիշատակի կարգը»,-ասաց հոգևորականը:

 

 

Նույն հանձնախմբի անդամ Տ.Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն էլ տեղեկացրեց, որ սրբադասման կարգի վերաբերյալ գրքեր են հրատարակվում, որոնք բաժանվելու են մարդկանց: «Քաջալերելի է, խրախուսելի, որ բոլոր հավատավորները մասնակցեն արարողությանը: Մինչև սրբադասման օրերը զանազան միջոցներով' հոլովակներ, քարոզչական տարբեր նյութեր' օրվա աղոթքներից, շարականից հատվածներ, փորձելու ենք փոխանցել ժողովրդին, որ այդ օրը նրանք ևս կարողանան մասնակից լինել»,-հայտնեց Բագրատ Սրբազանը:

 

 

Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հավելեց, որ սրբադասման արարողությանը մասնակցության ամենակարևոր նախապայմանը աղոթակից լինելն է, և դրանից ավելի ակտիվ մասնակցություն չի կարող լիել: