Հայ առաքելական եկեղեցին Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը կսկսի ապրիլի 22-ին Հսկման արարողությամբ: Այն իրենից ներկայացնում է աղոթքի հղում առ Աստված, որին կմասնակցեն ՀԱԵ-ի քույր եկեղեցիների ներկայացուցիչներն ու հավատավոր ժողովուրդը: Այդ օրը գիշերը նահատակների մասունքները կդրվեն մասունքարանների մեջ, որն էլ հաջորդ օրը' ապրիլի 23-ին, հատուկ արարողությամբ կներկայացվի սրբադասման կարգին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ' տեղի կունենա մասունքների քողազերծում, հարգանքի ընծայում բոլոր ներկաների կողմից: Որպես սրբերի մասունքներ ընդունվելու են Դեր Զորում, Կիլիկիո կաթողիկոսության տնօրինության ներքո' ցեղասպանությանը նվիրված մատուռում, ինչպես նաև Մայր Աթոռում տարիներով պահվածները:
Դեռևս 1965 թվականին, երբ հասարակայնորեն նշվեց Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցը, Մայր Աթոռում Ռաֆայել Իսրայելյանի նախագծով կանգնեցվել է Հայոց ցեղասպանության աղոթքի և ուխտի խաչքարը: Այդ խաչքարի տակ պահվել են ու պահվում են մասունքներ, որոնք բերվել են Դեր Զորից:
Սրբադասումը տեղի կունենա հավաքական կերպով, որի փորձառությունը եկեղեցին դարեր շարունակ ունի: Չի նշվելու 1.5 միլիոն թիվ, չեն նշվելու անհատների անուններ, բայց առաջիկայում սրբադասման հանձնախումբը իր գործունեությունը շարունակելու է հայրենիքի ու հավատի համար նահատակված անհատների սրբադասման հարցը քննարկելու համար:
Սրբադասման համար անհրաժեշտ բաղադրիչներն արդեն պատրաստ են. կազմվել է Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման վարքագրությունը, ավարտին է մոտենում նոր սրբապատկերի ստեղծումը, հատուկ սրբադասման համար գրվել է շարական' Հոգելույս Զարեհ արքեպիսկոպոս Ազնավուրյանի կողմից գրված, որը Եպիսկոպոսաց ժողովը հաստատել է, գրվել է նոր ժամամուտ, ինչպես նաև կազմվելու է սրբերի հռչակման հատուկ բանաձև' փաստաթուղթ:
Որպես ամենամյա եկեղեցական հիշատակության տոնացուցային օր է սահմանվել ապրիլի 24-ը' «Յիշատակ սրբոց նահատակաց, որք կատարեցան յընթացս ցեղասպանութեան Հայոց վասն հավատոյ և վասն հայրենեաց»: Հետայսու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կարգ է մատուցվելու' հոգեհանգստյան կարգի փոխարեն:
400 տարվա ընդմիջումից հետո Հայ եկեղեցին կրկին կատարում է սրբադասման կարգ: Վերջին սրբադասվողը Մովսես Երրորդ Տաթևացի Հայրապետն է եղել, ով սրբադասվել է իր գահակալությունից 100 տարի հետո' Սիմեոն Երևանցի կաթողիկոսի հռչակմամբ:
Երկար ընդմիջումից հետո Հայոց Եկեղեցում սրբադասման կարգի վերականգնման և Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման խնդիրները քննարկվել են 2013 և 2014 թթ.Եպիսկոպոսաց ժողովներում: