Եմենի Ադեն քաղաքում ապրիլի 9-ին Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադիի կողմնակիցների և շիա ապստամբների միջև բախումների հետևանքով 22 մարդ է զոհվել, ևս 70-ը վիրավորվել է: Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական դաշինքը վերսկսել է ռմբակոծությունները, մասնավորապես, Մուքալլա նավահանգստի, «Ալ Իթթիհադ» հյուրանոցի և այլ վայրերի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, օդային հարվածներն ուղղվել են նաև Եմենի հյուսիսում գտնվող Իմրան քաղաքի ուղղությամբ:

 

Եմենի բանակը մտել է Աթակ քաղաք, որը Շաբուա մարզի կենտրոնն է համարվում:

 

Ավելի քան 300 խաղաղ բնակիչներ են զոհվել Եմենում մարտի 26-ից սկսված ռազմական գործողությունների հետևանքով: Այս մասին նշվել է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով զբաղվող գրասենյակի նոր զեկույցում:

 

Մարտի 26-ից մինչև ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում զոհվել են 311 խաղաղ բանկիչներ, այդ թվում՝ 74 երեխա և 14 կանայք: 513 մարդ վիրավորվել է, որոնց թվում՝ 40 երեխաներ և 21 կանայք: Զեկույցում նաև նշվել է, որ զոհերի մեծամասնությունը գրանցվել է մայրաքաղաք Սանայում:

 

Համաշխարհային առողջապահության կազմակերպության տվյալներով, մարտի 19-ից մինչև ապրիլի 5-ը Եմենում զոհվել է 614, վիրավորվել՝ 2038 մարդ: ՄԱԿ-ի տվյալներով, օդային հարվածների թիրախ են դարձել 37 հասարակական շինություններ, այդ թվում՝ 5 հիվանդանոցներ, 15 կրթական կենտրոններ, ռմբակոծության են ենթարկվել Սանայի, Ադենի և Հուդեյդայի օդանավակայանները:

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուջարրիքը զգուշացրել է, որ Եմենում օրեցօր վատացող իրավիճակը կարող է վերածվել հումանիտար աղետի:

 

«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը տեղեկացրել է, որ Ջիբուտիից Ադեն է հասել 1.7 տոննա բժշկական օգնություն՝ նախատեսված Ադենի հիվանդանոցների համար: Քաղաք են ժամանել նաև հինգ վիրաբույժներ:

 

«Վճռականության փոթորիկ» գործողությունները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ սկսվել են մարտի 26-ի գիշերը: Սաուդյան Արաբիային աջակցում են Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը և ԱՄԷ-ն: Արաբական դաշինքին միացել են Եգիպտոսը, Հորդանանը, Մարոկկոն, Պակիստանը և Սուդանը: Արաբական դաշինքի ուժերի ղեկավար Ահմադ Ասիրին հայտարարել է, որ ռազմական գործողությունները կշարունակվեն մինչև Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադիի իշխանության վերականգնումը: