Միացյալ թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպել է Բրիտանական թանգարանի տնօրեն Նիլ ՄըքԳրեգորի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը մասնակցել են նաև Լոնդոնի Հայ հիմնարկի ներկայացուցիչներ Նուրիցա Մաթոսյանն ու Ռուբեն Գալչյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Միացյալ թագավորությունում ՀՀ դեսպանության և Բրիտանական թանգարանի միջև համագործակցությանն առնչվող հարցեր: Հատուկ անդրադարձ է եղել թանգարանում Հայաստանի պատմությունը և մշակույթը ներկայացնող միջոցառումների կազմակերպման հնարավորություններին:
Դեսպան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է համակողմանի աջակցություն ցուցաբերելու Հայաստանից և աշխարհի տարբեր հեղինակավոր թանգարաններից ցուցանմուշների տեղափոխման, ինչպես նաև կազմակերպչական այլ հարցերում: