Գյումրի կատարած այցի ժամանակ Քիմ Քարդաշյանն ամուսնու, դստեր և քրոջ հետ եղավ Գյումրու Սբ. Աստվածածին կամ, ինչպես ժողովրդն է անվանում, «Յոթ Վերք» եկեղեցում:
Եկեղեցում, որտեղ պետք է տեղի ունենար երեկոյան ժամերգությունը, Քիմի թիկնապահները և ոստիկանությունը, սեփական նկարահանումների համար փորձեցին փակել դռները՝ դուրս հանելով ժողովրդին և լրագրողներին, սակայն Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին զայրացրեց այդ փաստը, ով նշեց, որ ոչ մեկն իրավունք չունի փակել եկեղեցու դռները. եկեղեցին բոլորի համար է:
«Արմենպրես»-ի այն հարցին՝ արդյո՞ք Թեմի առաջնորդը տեղյակ է եղել Քարդաշյանի այցի մասին՝ Միքայել սրբազանն ասաց, որ իրեն տեղեկացրել էին: «Ինձ տեղեկացրել էին, որ այդ աղջիկը գալու է ու գնա՝ հանգիստ, խելոք, գլխաշորով: Ես էլ ասացի, որ խնդիր չկա, բայց չէի կարծում, որ այդպես կգործեն: Ես իջել էի եկեղեցի իմ սովորական ժամին. չէի գնացել Քիմին կամ ուրիշին տեսնելու: Եկեղեցում երեկոյան ժամերգություն պետք է արդեն լիներ:
Ինձ հունից հանեց այն, որ դռները փակում էին ու ժողովրդին դուրս հանում, իսկ իմ զայրույթին ու դռները բացելու հրանհանգին ի պատասխան՝ թիկնազորի անդամները շարունակում էին իրենց գործողությունները, դրանից ես էլ ավելի զայրացա և բացեցի բոլոր դռները: Ամենի ինչին սահման կա», - նշեց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը :