Շարունակվում են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս սրբազանի թեմակալ այցերը թեմի տարբեր համայնքներ: Ապրիլի 12-ին Կրկնազատկին սրբազանի ձեռամբ պատարգ մատուցվեց Բենիամինում: Այս օրը Նոր կիրակի է կոչվում, քանզի նորովի ենք տոնում մեր հոգու փրկության նավակատիքը՝ հոգևոր ուրախությամբ ու տոնախմբությամբ:
Գյուղի եկեղեցու մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել՝ միայն այն, որ բազիլիկ է, կառուցված 1871 թվականին, կից գործել է ճեմարան և, ինչպես գյուղական շատ եկեղեցիներ, խորհրդային տարիներին ծառայել է որպես ամբար: Այսօր այն գտնվում է խիստ վթարային վիճակում, տանիքը կիսափուլ է: Թեև գյուղում պատարագներ մատուցվում են, սակայն եկեղեցու վթարային լինելը պատճառ է, որ ժողովուրդը պարբերաբար եկեղեցի չհաճախի« փոխարենը աղոթելու գնա սարի վրա գտնվող Թուխ Մանուկ մատուռ: Եկեղեցու հիմնանորոգման համար համայնքի բյուջեն չի բավարարում: Գյուղապետ Արտակ Անտոնյանը փնտրում է բարերարների, սակայն, դեռ ապարդյուն: Եկեղեցու վտանգավոր հատվածն այս պահին արգելափակված է: Ու չնայած վտանգին և բավական ցուրտ եղանակին՝ թեմակալ առաջնորդի ձեռամբ մատուցված պատարագին մասնակցելու ցանկություն շատերն էին հայտնել:
«Գյուղը պետք է ունենա հավատք Աստծո նկատմամբ, և այդ հավատքը պետք է արտահայտվի եկեղեցի ունենալով« եկեղեցին պայծառ պահելով և ամեն կիրակի եկեղեցում հավաքվելով ու պատարգի մասնակցելով: Այս եկեղեցու վիճակը օտար մարդու համար ձեր հավատքի մակարդակի չափն է: Չկա այնպիսի գյուղ, որ հնարավորություն չունենա կառուցելու իր եկեղեցին՝ հնարավորություն կա, ցանկություն չկա: 10 տարի առաջ եկա և պատարագ մատուցեցի այս եկեղեցում« եկեղեցին նույն վիճակում էր, մի փոքր նույնիսկ ավելի լավ: Պետք է այս մասին մտածեն բոլորը՝ ոչ միայն գյուղապետը կամ դպրոցի տնօրենը, այլեւ բոլորն առանց բացառության: Ինչքա՞ն կարելի է ապրել այն հույսո, թե արտասահմանից մեկը կգա և կվերակառուցի այս եկեղեցին: Դուք պետք է սկսեք եկեղեցու վերանորոգման աշխատաքները»,-իր առաջնորդական խոսքով վերջում բենիամինցիներին դիմեց Միքայել սրբազանը:
Արմենուհի Մխոյան