ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ապրիլի 13-ին անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, Սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Արմեն Հայրապետյանը, նախարարության աշխատակազմի կառուցածքային և առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև համակարգում ընդգրկված կառույցների ղեկավարներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, խորհրդակցության սկզբում նախարարը աշխատակազմին է ներկայացրել ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Արամ Հարությունյանին: Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ' նախարարը, մասնավորապես, նշել է, որ համատեղ աշխատանքի միջոցով հնարավոր կլինի արդյունավետ լուծումներ ալ համակարգի առջև ծառացած խնդիրներին, որպեսզի այս տարի ոռոգման համակարգի գործունեության հետ կապված դժգոհություններ և բողոքներ չլինեն:

 

Նախարարը նաև ընդգծել է, որ այս ոլորտում արդեն իսկ զգալի աշխատանք է կատարվել, որի արդյունքում այս տարի ոռոգման համակարգը մարտի 1-ից արդեն իսկ ամբողջությամբ պատրաստ է եղել ոռոգման սեզոնին:

 

«Առատ տեղումները բարենպաստ իրավիճակ են ստեղծել գյուղատնտեսության համար, ջրամբարները լցվում են, և բոլոր գործոններն առկա են ոռոգման սեզոնը պատշաճ կազմակերպելու համար: Այս պահին մեր հիմնական խնդիրը պետք է լինի ոռոգման ջրի ժամանակին և արդարացի բաշխման կազմակերպումը»,- իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

 

Այնուհետև փոխնախարարները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում կատարված ընթացիկ աշխատանքներն ու խնդիրները:

 

Նախարարը պատասխանատուներին հորդորել է ուշադրության կենտրոնում պահել անասնաբուժության ոլորտում առկա խնդիրները՝ պատշաճ կերպով և ժամանակին կազմակերպելով պատվաստումները: Հանձնարարվել է նաև առանձնահատուկ ուշադրության դարձնել մթերումների կազմակերպման, մասնավորապես, կաթի մթերման գների նվազեցումներ թույլ չտալու հարցերին:

 

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը զեկուցել է, որ այս պահին հանրապետությունում դիտվող անձրևի, իսկ բարձրադիր գոտիներում' նաև ձյան տեսքով տեղումները որևէ անհանգստության տեղիք չեն տալիս և բերքին վնաս չեն կարող հասցնել:

 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև այլ հարցեր: