Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի տեղեկատվության նախարար, երիտասարդության հարցերի պետնախարար, մշակույթի, արվեստների և նամակագրության Ազգային խորհրդի նախագահ շեյխ Սալման Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Համուդ Ալ-Սաբահի հետ:

 

 

Դեսպան Չարչօղլյանը շեյխ Սալման Ալ-Սաբահին է հանձնել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի նամակ-հրավերը' մասնակցելու հուլիսի 10-ից 14-ը Հայաստանում անցկացվելիք «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար» խորագրով 3-րդ միջազգային համաժողովին, ինչպես նաև «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին:

 

 

Շնորհակալությամբ ընդունելով հրավերը' նախարար Ալ-Սաբահը նշել է, որ կներառի իր առաջիկա ծրագրերում այցը Հայաստան' ծանոթանալու մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտում տարվող քաղաքականությանը, համագործակցության առկա ներուժին:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում կարևորվել է տեղեկատվության և մշակույթի բնագավառներում երկկողմ համագործակցության առավել ընդլայնումը: Այս կապակցությամբ Քուվեյթի տեղեկատվության նախարարն ընդգծել է առաջիկայում Հայաստանի մասին լրատվական նյութեր և հեռուստառեպորտաժներ պատրաստելու նպատակով քուվեյթյան լրագրողների խմբի այց կազմակերպելու իր մտայնությունը:

 

 

Անդրադառնալով մշակութային կապերի ակտիվացման հեռանկարներին' Դեսպան Չարչօղլյանը ներկայացրել է առաջիկայում նախատեսվող միջոցառումների ուղղությամբ տարվող աշխատանքները:

 

 

Մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև սպորտի ոլորտում փոխգործակցության հաստատման վերաբերյալ: Բարձր է գնահատվել քուվեյթահայ համայնքի կառուցողական դերը երկրի բարգավաճման և հայ-քուվեյթյան միջպետական հարաբերությունների զարգացման գործում: