Ամերիկյան The New York Times-ն անդրադարձել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից 1915 թվականի դեպքերը Հայոց ցեղասպանություն կոչելուց հետո Թուրքիայի և Վատիկանի միջև սկիզբ առած «դիվանագիտական հակամարտությանը»: Թերթը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին հարց ու պատասխան ՝ փորձելով իր ընթերցողներին պարզաբանումներ ներկայացնել Մեծ Եղեռնի վերաբերյալ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ The New York Times-ը նախ պարզաբանել է, թե ինչ է ցեղասպանությունը և հիշեցրել, որ այդ տերմինի հեղինակն է հրեական ծագմամբ լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը: Այնուհետև թերթը հիշեցրել է, որ 1915 թվականին 1,5 մլն հայ սպանվել է թուրք զինվորականության կողմից՝ մատնվելով սովի, բռնության և այլն: «Մոտ 500 հազար հայ էլ բռնեց գաղթի ճամփան՝ ուղևորվելով Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, այլ երկրներ և վերածվեց հայկական սփյուռքի: «Հայոց ցեղասպանություն» տերմինը կիրառվում է բազմաթիվ պատմաբանների կողմից և լայնորեն ընդունվում որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
Միաժամանակ, Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ 1915-ին իրականացվել են վայրագություններ, սակայն պնդում է, որ սպանվել են նաև մեծ թվով թուրքեր: Թուրքիայի կառավարությունը նաև վիճարկում է զոհերի թիվը՝ նշելով, որ իրականում զոհվել է 1,5 միլիոնից ավելի քիչ հայ: Դրան կոշտ արձագանքել են հաճախ ինչպես Հայաստանի կառավարությունը, այնպես էլ բազմաթիվ այլ երկրներ, կազմակերպություններ և ընդգծել, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է»,- գրել է The New York Times-ը:
Թերթը հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են շուրջ երկու տասնյակ երկրների խորհրդարաններ, ինչպես նաև Եվրոպայի խորհուրդն ու Եվրոպական խորհրդարանը: ՄԱԿ-ի փորքարամասնությունների պաշտպանության և նրանց նկատմամբ խտրականության կանխարգելման ենթահանձնաժողովը ևս 1915-ի դեպքերը բնութագրել է որպես ցեղասպանություն: Որոշ երկրներում, մասնավորապես Շվեյցարիայում, Հունաստանում կոչ են արել ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք:
The New York Times-ը անդրադաձել է նաև ԱՄՆ-ի կողմից ցեղասպանությունը ճանաչելուն և գրել. «ԱՄՆ յուրաքանչյուր վարչակազմ փորձել է խուսափել այս հարցից՝ հաշվի առնելով Թուրքիայի աճող կարևորությունը որպես ՆԱՏՕ-ի շրջանակներում դաշնակից և ազդեցիկ տնտեսական ու քաղաքական ուժ Մերձավոր Արևելքում:
Նրանք նշում են նաև, որ «ցեղասպանություն» բառի կիրառությունը կարող է վնասակար լինել հայ-թուրքական հաշտեցման գործընթացին: Նախագահ Օբաման 2008 թվականի նախընտրական արշավի ժամանակ օգտագործել է Հայոց ցեղասպանություն բառը, սակայն նախագահ դառնալուց հետո մեղմացրել է իր դիրքորոշումը՝ պատմական այդ շրջանը բնութագրելով դաժանությունների և մութ շրջան: Հռոմի Ֆրանցիսկոս պապն ապրիլի 12-ի պատարագում Վատիկանում օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» տերմինը, ինչը շահարկումների առիթ է դարձել, որ նույնը կանի նաև Բարաք Օբաման»,- գրել է The New York Times-ը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին՝ թերթը նշել է, որ սփյուռքի հայությունն արդեն սկսել է հիշատակի տարելիցին նվիրված միջոցառումների անցկացումը, իսկ Երևանում կայանալիք միջոցառումներին կմասնակցեն համաշխարհային մի շարք առաջնորդներ, այդ թվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: