Ավարտվել է Արմավիրի մարզի Արազափ գյուղի ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանից, Արազափ գյուղում ջրամատակարարման համակարգի բարելավման համատեղ ծրագիրն իրականացրեցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ), Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համատեղ ջանքերի շնորհիվ:
Արազափում իրականացված ծրագրի արդյունքում կբարձրանա գյուղի ջրամատակարարման համակարգի արդյունավետությունը, կնվազեն հոսակորուստները և աղտոտման ռիսկերը,կգրանցվեն ջրի և էներգիայի էական խնայողություններ: Արազափի բնակիչներն այժմ ունեն շուրջօրյա որակյալ ջրամատակարարում' նախկինում ունեցած օրական երեք ժամի փոխարեն:
Ծրագրի ավարտական միջոցառմանը ներկա էին ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը, ,ՎիվաՍել-ՄՏՍ.-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արազափի գյուղապետ Մանվել Հարությունյանը, ինչպես նաև համայնքի ներկայացուցիչները:
Նախնական հաշվարկների համաձայն, համայնքում կապահովվի տարեկան մոտ 72,000 խոր. մ ջրի և 30 Մվտ.ժ հոսանքի խնայողություն: 2014թ.-ին ԱՄՆ ՄԶԳ-ի, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի և FPWC-ի համագործակցության արդյունքում Արմավիրի մարզի Արազափ և Լուկաշին, ինչպես նաև Տավուշի մարզի Արծվաբերդ և Բերքաբեր գյուղերում իրականացվել են ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրեր՝ բնակչությանը խմելու ջրով ապահովելու և կենսապայմաններ լավացնելու նպատակով: Վերոնշյալ ծրագրերի շահառուների թիվը կազմում է շուրջ 7000 մարդ: