Հայոց ցեղասպանությունը վերապրած երեք տարեցներին' 108-ամյա Մարիամ Շմավոնի Գրիգորյանին, 106-ամյա Հերիքնազ Բարեի Մուրադյանին եւ 100-ամյա Մարիամ Հավհաննեսի Սահակյանին, որոնք համապատասխանաբար բնակվում են Արարատի մարզի Վանաշեն, Արգավանդ եւ Այգավան համայնքներում, օրերս այցելեց մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ստեփան Խաչատրյանը:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ 100 տարին լրացած կանանց այցելության էին եկել նաեւ մարզի բժշկական կենտրոնների տնօրենները, բուժամբուլատորիայի աշխատողներ եւ վերոհիշյալ գյուղերի համայնքապետերը: Մեկ դարից ավելի ապրած կանանց հանձնվեցին ՀՀ առողջապահության նախարարության հատկացրած զամբյուղները' ճնշում չափելու ապարատներով, ջերմաչափով եւ հիգիենիկ պարագաներով:
Խաչատրյանը նշեց, որ ավելի քան մեկ ամիս առաջ, Արարատի մարզպետի հանձնարարականով, տարեցներին հերթական անգամ այցելել են նաեւ մարզի բժշկական կենտրոնների տնօրեններն ու բուժաշխատողները, կազմակերպել լաբորատոր գործիքային հետազոտություններ: Նրանց առողջական վիճակը ստուգել են նաեւ նեղ մասնագետները. ակնաբույժները կատարել են հերթական հետազոտությունները: Տրամադրվել է նաեւ դեղորայքային օգնություն:
Լիլիթ Մաճկալյան